44- օրյա պատերազմում զոհված Վահան Տոնոյանի կնոջը՝ Մերի Ղազարյանին, ու նրա անչափահաս երկու երեխաներին զոհված հերոսի ծնողները դուրս են հանել իրենց տնից։
Քաղաքացիների դրամահավաքի շնորհիվ երիտասարդ կինն ու երեխաները երկու ամիս կկարողանան վարձով բնակարանի վարձը վճարել, դրանից հետո չգիտեն՝ ինչ են անելու:
«Ամուսնուս զոհվելուց հետո 3 տարի ապրել եմ այնտեղ, որտեղ միասին ապրել ենք 9 տարի մեր ամուսնությունից ի վեր: Ամուսնուս հայրական տունն է, որտեղից մեզ 2 սենյակ էին հատկացրել, չուներ կոմունալ հարմարություններ: Ամուսնուս զոհվելուց հետո որոշակի կահավորում, վերանորոգում արեցի, որ ավելի մարդկային պայմաններում ապրենք, շատ վատ վիճակում էր տունը: Դրանից հետո պարբերաբար թե՛ ինձ, թե՛ երեխաներին ամեն տեսնելուց ասում էին, թե մեր սարքած տունն է, երբ ուզենք, կհանենք: Մինչեւ մեկ ամիս առաջ վերջնականապես դիմում են ոստիկանություն՝ վտարման մասին դիմումով, ոստիկանությունից գալիս են, ներկայացնում իրենց դիմում- պահանջը, որ իրենք չեն ուզում, որ օտար մարդիկ ապրեն իրենց բակում: Այդպես ստացվեց, որ իրենց թոռները իրենց օտար են: 20-օրյա ժամկետ տրամադրեցին, որ տունն ազատեմ, դուրս եկա: Խնդրեցի բարերար Նարինե Մանուկյանին՝ «Հայ մայրեր» կազմակերպության տնօրենին, դրամահավաք կազմակերպեց, երկու ամսվա վարձը հավաքվեց, ու ես վարձով եմ հիմա ապրում»,- Aravot.am-ին պատմել է Տոնոյանի կինը:
Այսօր կենսաթոշակների վճարման օրն էր, ու Մերի Ղազարյանը, երբ մոտեցել է, որ ստանա գումարը, պարզել է, որ փաստացի գրանցումից երեխաների տատն ու պապը հանել են, եւ իրենք, չունենալով գրանցում, չեն կարող ստանալ կերակրողին կորցնելու համար պետության հատկացրած գումարը: Մերի Ղազարյանը պատմեց նաեւ, որ ամուսնու ողջ եղած ժամանակ էլ են խնդիրներ եղել, հաշտ չեն եղել նրա ծնողների հետ, իսկ ամուսնու մահից հետո հարաբերությունները լարվեցին հատկապես փոխհատուցման գումարի շուրջ վեճից: Մեր զրուցակցի խոսքով՝ ամուսնու ծնողներն իրենց մասնաբաժինը ստացել են, հետո կնոջ մասնաբաժինն են պահանջել, ավելի ուշ իրեն ամուսնու պարտքերն են ներկայացրել, պահանջել ու իրենից ստացել: Իսկ երբ երեխաները տատիկ ու պապիկից հարցրել են՝ բա իրենք ո՞նց ապրեն, պատասխանել են՝ ինչով ուզում եք:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։