Հակարի կամրջի վրայից Վագիֆ Խաչատրյանի առեւանգման դեպքը հեռահար նպատակ է հետապնդում. Սա մի գործողություն էր, որը հնազանդության կոչ էր ուղղում Արցախի իշխանություններին: Այս մասին «Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգումը՝ մարդու իրավունքների կոպտագույն խախտում․ ի՞նչ միջոցներ է պետք ձեռնարկել» թեմայով «Մեդիա կենտրոնին» տված իր հարցազրույցում նշեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:
«Իզոլացման պայմաններում մենք հասկանում ենք, որ եթե այդտեղ ֆիզիկական բնաջնջման ռիսկերն արդեն կենսագործվում են, որպես փրկօղակ կարող է լինել հարկադիր տեղահանումը, որը ինքնին միջազգային հանցագործություն է»,-ասաց նա:
Սիրանուշ Սահակյանի խոսքով, այդ հանցագործությանը կատարմանը զուգընթաց մենք կարող ենք Լաչինի միջանցքով ապահովել որոշ անձանց կյանքը. «Քանի որ այդ միջանցքը տոտալ վերահսկվում է ադրբեջանցիների կողմից, որտեղ խաղաղապահները, չգիտես ինչու, դարձել են անզոր, Ադրբեջանը այս միջանցքով անցնելու ընթացքում կարող է ձերբակալել եւ կամայական գործողություններ իրականացնել ցանկացած անձի նկատմամբ, այդ թվում այս պահին Արցախում որոշում կայացնող քաղաքական եւ ռազմական ղեկավարության նկատմամբ: Այս պահին այդ ղեկավարությունը պետք է գիտակցի, որ ոչ միայն հայրենիքի պաշտպանությանը մասնակցելն է պատժելի արարք, այլ ոչ ադրբեջանամետ որոշումների կայացումը կարող է պատժելի լինել: Եթե նրանք ընդունեն հակաադրբեջանական որոշումներ եւ շարունակեն պայքարը, ապա նրանց ֆիզիկական անվտանգությամբ եւ կյանքով են պատասխանատու լինելու, որովհետեւ նրանց անցում Հայաստան հնարավոր չի լինելու առանց ադրբեջանական վերահսկողության»,-ասաց Սիրանուշ Սահակյանը:
Հիշեցնենք, որ արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգման մասին, ով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան էր տեղափոխվում բուժման նպատակով, Արցախի պետնախարարն ու Մարդու իրավունքների պաշտպանն ահազանգել են հուլիսի 29-ին։ Այդ հայտարարություններից ժամեր անց Բաքուն հաղորդել է, որ ադրբեջանցի իրավապահները ձերբակալել ու Բաքու են տեղափոխել Հայաստան բուժման եկող տղամարդուն։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նրան կալանավորելու որոշում կայացվել, և որ նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։