Արդեն տեղեկացրել էինք, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրում, տներից մեկի մոտ հայտնաբերված, ավելի ուշ Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացած նորածին երեխայի կենսաբանական մայրը հայտնաբերվել էր․ հայտնում է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Այս դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում նշված կնոջ նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան այսօր ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 248-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը առաջացրել է երեխայի մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք)։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Հարկ եմ համարում տեղեկացնել, որ նախաքննության շահերից, ինչպես նաև անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության սկզբունքից ելնելով՝ անձի ինքնության, դեպքի հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրվում։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: