Հենց հիմա պետք է Սահմանադրությունը հիշատակել, քանի որ այն յուրաքանչյուր ղեկավարի որոշակի պատրավորություններ է տալիս։ Այդ մասին այսօր ԱԺ-ում ասաց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ կարևոր չէ, թե ինչ ձևով է այդ ղեկավարը եկել իշխանության, որ ուժերի աջակցությամբ է հասել այդտեղ, կարևորն այն է, որ այդ աթոռին նստելուց հետո պարտավորություններն էլ, հնարավորություններն էլ, իրավասություններն էլ արդեն իր համար են։
«Բայց մեր երկրում իշխանազավթում կազմակերպելու դաբռոներ տվածները էս մինիմալ ճշմարտությունն անգամ մեզ համար համարել են շռայլություն։ Քանի որ նրանց համար միակ գործիքը Հայաստանի մայր օրենքը ինչքան հնարավոր է ոտնահարելն է։ Քաղաքականություն վարելու փոխարեն էլ, իրենց համար կռուտիտի մրցում դիտելն է։ Ի դեպ, իր դեպքում նույնիսկ կռուտիտն է շատ բարձր բառ։ Իր դեպքում պրիմիտիվ, սովորական ու պարզունակ ստերի մասին է խոսքը»,- նշեց նա։
Աննա Մկրտչյանի դիտարկմամբ՝ հիմա էլ Փաշինյանն ասում է՝ ոչ մի նոր բան չեն անում, ինչ կար, նույնն էլ անում են։
«Առաջ հայկական հողերը օկուպացված ու թուրքին հանձնված չէին, մենք ՌԴ-ին զենք չվաճառելու համար չէինք մեղադրում, առաջ Ալիևը Շուշիից մեզ չէր ճնշում։ Այս ամենն այն պատճառով է, որ Հայաստանում իշխանազավթումից հետո նիկոլական ֆորմատ է ձևավորվել՝ բանավոր հրահանգներով հող տալն ու տղաներին չկրակելու հրաման իջեցնելն է։ Փաստորեն, մենք մեր հայրենիքում տնվոր ու քոչվոր ենք։ Միգուցե հետո թուրքերից մեր տների համար շինթույլտվություն վերցնենք։ Ապօրինի պետություն ենք էլի, էս մարդկանց նպատակը սա է։ Ինչքան էլ ջանա, մենք մեր հայրենիքում քոչվոր չենք դառնալու»,- նկատեց նա։