00:00:00

Հայաստանի այսoրվա իշխանությունը ծրագրված կերպով փորձում է կոտրել մեր ժողովրդի դիմադրության ոգին․ՀՅԴ Բյուրո

23:03, 23 մայիս 2023 Քաղաքականություն

2023 թ. մայիսի 22-ի մամլո ասուլիսում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն անթաքույց հայտարարեց Արցախը և Տավուշի ու Արարատի մարզերի նախկին անկլավներն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ ճանաչելու մասին, ինչը ՀՀ վարչախմբի կողմից հետևողական կերպով իրականացվող հակապետական և հակազգային քաղաքականության հերթական դրսևորում է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն։

«Թուրք-ադրբեջանական տանդեմի հետ ձեռք ձեռքի տուած Հայաստանի այսօրուայ իշխանութիւնը ծրագրուած կերպով փորձում է կոտրել մեր ժողովրդի դիմադրութեան ոգին՝ անխուսափելի կործանման տանելով երկիրը։

Պարտութիւնների, կորուստների, նուաստացումների ընթացքը թեւակոխում է նոր փուլ։ Այս իշխանութեան պաշտօնավարման ամէն մի օրն ու ժամը այլեւս գոյութենական սպառնալիք է։

Սակայն ամէն ինչ դեռ կորսուած չէ, վիճակը հնարաւոր է շտկել, մենք ունենք այդ ներուժը։ Ազգային ուժերի ջանքերի մէկտեղմամբ անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւնը եւ բեկում մտցնել վիճակի մէջ։ Ուժեղ, արդար, արժանապատիւ Հայաստանն է գրաւականը մեր անվտանգութեան ու ապագայ յաջողութիւնների։ Բայց նախ պէտք է կանխել կենսական զիջումներ պարտադրող անձնատուական (կապիտուլացիոն) նոր պայմանագրերի ընդունումը՝ բացառելով առանց ժողովրդի անմիջական մասնակցութեան որեւէ համաձայնութեան կայացում։

Հայաստանի որեւէ իշխանութեան որեւէ գործողութիւն, որը կասկածի տակ է դնում Արցախում անցկացուած հանրաքուէների արդիւնքները, Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնն ու դրա անքակտելի մասը կազմող անկախութեան հռչակագիրը, ի սկզբանէ առ ոչինչ են։

Մենք չենք հանդուրժելու հայ ազգի շահերը ոտնահարող պարտադրուող համաձայնութիւնները։ Արժանապատիւ ու հայրենատէր բոլոր հայերը այս առումով անելիք ունեն։ Մենք հաւատում ենք՝ միասին կարող ենք բեկել պատմութեան ընթացքը»,- ասված է հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր