Այն, ինչ տեղի է ունեցել որդուս հետ, որակված է քրեական օրենսգրքի 191 հոդվածով՝ մարդուն առևանգելը, անձին իր կամքին հակառակը կամ նրա կամքը անտեսելով այլ վայր տեղափոխելը։ Արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Աշոտ Փաշինյանը մասնակցել է պատերազմին, թեպետ օրենքով նախատեսված կարգով կարող էր չմասնակցել։ Ընկերը զոհվել է, իսկ ինքը՝ ողջ մնացել։ Եթե բեկորը սպաներ որդուս, ինքը կլիներ հերոս, իսկ եթե միլիմետրերով փրկվել է, նա դառնում է հակահերո՞ս։ Եթե այդ բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, Աննա Հակոբյանը կլիներ հերոսածին մայր։ Աննա Հակոբյանը էլ հերոսածին մայր չէ՞, ինչերով հերոսածին չէ, ով կարող է բացատրել։ Ի դեպ, Աննա Հակոբյանը նույնպես առաջնագծում էր՝ զենքը ձեռքին»,- հավելեց նա։