Չեռնոգորիայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունում շարունակում են հաջող հանդես գալ Հայաստանի առաջատար շախմատիստուհիները:
Այսօր կայացած 4-րդ տուրում Էլինա Դանիելյանը սևերով հաղթեց հույն Ստավրուլա Ցոլակիդուին, իսկ Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով պարտության մատնեց ադրբեջանուհի Գյունայ Մամադզադային: Նրանք վաստակեցին 3,5-ական միավոր և այժմ բաժանում են 2-10-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է ռումինուհի Իրինա Բուլիգան, որը հաղթել է բոլոր չորս պարտիաներում և ունի 4 միավոր:
Այսօր երկրորդ հաղթանակը տոնեց առաջնությունում Աննա Սարգսյանը, որը սպիտակներով առավելության հասավ լեհ Ալեքսանդրա Լախի նկատմամբ: Նա վաստակել է 2,5 միավոր:
Հայաստանը ներկայացնող Պոլինա Կոբակը, որը 2 միավոր ուներ, պարտություն կրեց և զիջեց դիրքերը: Նրան հավասարվեց Սուսաննա Գաբոյանը, որն ոչ-ոքի խաղաց վրացուհի Սալոմե Մելիայի հետ: