Irakanum.am- ի ունեցած տեղեկություններով, քննչական կոմիտեն այսօր ձերբակալել է պարեկի, ով զբաղված է եղել թմրանյութերի վաճառքով։ Մեր տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Արագածոտնի մարզում։ Պարեկը ձերբակալվել է «կրիստալ» տեսակի թմրանյութ վաճառելու գործով։
Նշենք, որ երեկ էլ պարեկային ծառայողը Կոտայքի մարզում ենթադրյալ գողի էր սպանել։ Ավելի վաղ էլ պարեկներից մեկը ձերբակալվել էր գողություն կատարելիս։
ՀՀ քննչական կոմիտեից Irakanum.am-ին հայտնեցին. «Երեկ ոստիկանության կողմից թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու համար հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է 2 անձ։ Նրանցից մեկի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ բյուրեղանման զանգված։
Փորձաքննությամբ պարզվել է, որ այդ զանգվածը հանդիսանում է "Մեթամֆետամին" տեսակի թմրամիջոց՝ 1,86 գրամ ընդհանուր քաշով, այսինքն առանձնապես խոշոր չափերով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 396-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։
Իրականացվում է քննություն՝ հանգամանքները պարզելու նպատակով։ Անձը, ում մոտ հայտնաբերվել է թմրամիջոցը, շարունակում է մնալ արգելանքի տակ, մյուսը ազատ է արձակվել»։