Աշխարհը հայտնվել է երրորդ համաշխարհային պատերազմի եզրին, կարծում է Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկին։ Այս մասին նա ասել է Polsat News-ի հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսմամբ «աշխարհը խիստ փոխվել է»։ «Դա մի դարաշրջանի ավարտն է եւ նոր՝ անհայտ դարաշրջանի սկիզբը»,- նշել է Կվասնեւսկին։
Այժմ մի կողմից կա Ռուսաստանը, որն «իր ձեռքում է պահում Բելառուսը», մյուս կողմում «միասնական Արեւմուտքն է [ԱՄՆ նախագահ Ջո] Բայդենի գլխավորությամբ», ասել է նա։ Կա նաեւ Չինաստանը, որը Թայվանի հանդեպ հավակնություններ ունի։ Պեկինը, նախկին նախագահի կարծիքով, սպասում է, մինչեւ որ Ռուսաստանը թուլանա։ Նրա խոսքով՝ թույլ հարեւանը «իրենց համար լավ նորություն է»։
Մի խոսքով՝ աշխարհը գտնվում է «վտանգավոր քաոսի շրջանում», նշել է Կվասնեւսկին։ Եթե սրան ավելացնենք իրավիճակը Սերբիայի եւ Կոսվոյի սահմանին, «կրիտիկական զանգվածը կարող է հեշտությամբ բարձրանալ», նախազգուշացրել է նա, տեղեկացրել է ՌԲԿ-ն։
«Փաստը, որ խոսքը երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու մասին է, սարսափեցնում է»,- նշել է Լեհաստանի նախկին նախագահը։