Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է 2023 թ․ գնաճի դեմ պայքարելու համար միջոցառումների 10 մլրդ եվրոյի նոր փաթեթի մասին, ինչի արդյունքում 2022 թվականի սկզբից նման օգնության ընդհանուր գումարը կկազմի 45 մլրդ եվրո, հայտնում է Reuters-ը։
Ինչպես եւ այլ եվրոպական երկրներ, Իսպանիան բախվում է կյանքի արժեքի աճող ճգնաժամի, որը խորանում է էներգակիրների գների վրա ուկրաինական պատերազմի ազդեցության պատճառով:
Փաթեթը ներառում է 200 եվրո միանվագ բոնուս՝ մոտավորապես 4,2 մլն տնային տնտեսությունների համար, որոնց տարեկան եկամուտը կազմում է մինչեւ 27 000 եվրո, հիմնական սննդամթերքի զրոյական ավելացված արժեքի հարկը եւ էլեկտրաէներգիայի վճարների հարկային արտոնությունների երկարաձգումը հաջորդ տարվա առաջին կիսամյակի համար:
Սանչեսը նշել է, որ մինչ այժմ տրամադրված գումարներն օգնել են Իսպանիային այս տարի գրանցել ուժեղ տնտեսական աճ, որը, նրա գնահատմամբ, կազմել է ավելի քան 5%, ինչն ավելին է Իսպանիայի բանկի 4,6% վերջին կանխատեսումից: