Վերջին օրերին հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրաստիճան սրվել է։ Ադրբեջանը նախ արգելափակել է Լաչինի միջանցքը, ապա փակել ԼՂ-ն բնական գազավ մատակարարող գազի խողովակը։ Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա իր ելույթում նաև նշեց․
«Այս սադրիչ գործողությունների հետևանքնով ԼՂ բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, ձմեռային եղանակին զրկվել են իրենց բնակարանները ձեռուցելու իրավունքից, հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, ձմռան ցուրտ պայմաններին մնացել են ցուրտ ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա կիսվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում։
Առողջական ծանր խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայություններից։ Խափանվել են պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները։ 120 000 մարդ փաստացի շրջափակման մեջ հայտնվել է պատանդի կարգավիճակում։ Գազով ջեռուցվող դպրոցներն ու մանկապարտեզները հարկադրված դադարեցրել են աշխատանքները, ինչի հետևանքով շուրջ 22 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքից։
ԼՂ-ում ստեղծված իրավիճակը այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ հնարավոր չէ անվանել։ Ընդ որում, այդ ճգնաժամն առաջացել է Ադրբեջանի կողմից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանքով։
Լաչինի միջանցքի փակումը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ուղղակի և կոպիտ ոտնահարում է Ադրբեջանի կողմից այն պարզ հիմնավորմամբ, որ նշված հայտարարության 6-րդ կետի hամաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է ԼՂ-ում ՌԴ խաղաղապաh զորախմբի վերահսկողության ներքո և ադրբեջանական հանրապետությունը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը»։