Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի առաջին դիմակայությունում հանդիպել են Ամերիկայի գավաթակիր Արգենտինան ու աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիան։
Առաջին խաղակեսում 2:0 հաշվով առավելության հասան արգենտինացիները։
Առաջին հարվածը դարպասին եղավ միայն 25-րդ րոպեին։ Արգենտինայի հավաքականի եւ պորտուգալական «Բենֆիկայի» 21-ամյա կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հեռվից հարված կատարեց։ Խորվաթիայի թիմի եւ Զագրեբի «Դինամոյի» 27-ամյա դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը որսաց գնդակը։
Խաղի հաշիվը 34-րդ րոպեին բացեց Արգենտինայի հավաքականի ավագ, Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը (տեսանյութ)։ Այն նշանակվել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա հարձակվող Խուլիան Ալվարեսի դեմ Լիվակովիչի խախտման համար։
Մեսին աշխարհի առաջնություններում խփեց 11-րդ գոլը եւ գերազանցեց ազգային թիմի արդեն նախկին ռեկորդակիր Գաբրիել Բատիստուտայի ցուցանիշը (10 գոլ)։ Մեսին ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուների մրցավազքում 5 գոլով հավասարվեց աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեին։
39-րդ րոպեին արգենտինացիների առավելությունը կրկնապատկեց Խուլիան Ալվարեսը, որը խաղադաշտի կենտրոնում փոխանցում ստացավ Մեսիից եւ միայնակ անցում կատարեց, հետ թողեց խորվաթների պաշտպաններին եւ գրավեց Լիվակովիչի պաշտպանած դարպասը (տեսանյութ)։
Արգենտինան 4 հարված կատարեց դարպասին, Խորվաթիան՝ ոչ մի հարված։
Ընդմիջում է։