Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը խորհրդակցություններ է անցկացնում ՌԴ ղեկավարության հետ՝ Արցախի խաղաղապահների և բնակիչների նկատմամբ Բաքվի սադրանքների առնչությամբ։
Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի հայերի միությունը։
«Ռուսաստանի հայերի միության դիրքորոշումը` Արցախի ժողովրդի անկախության և իր նախնիների հողում ազատ ապրելու իրավունքի վերաբերյալ, անփոփոխ է մնում։ Համոզված ենք, որ արցախցիների կյանքի և անվտանգության երաշխավոր հանդիսացող ռուս խաղաղապահների նկատմամբ Ադրբեջանի գործողությունները հայերի ֆիզիկական բնաջնջման քաղաքականության շարունակությունն են, նրանցդուրսմղումն իրենց պատմական հողերից` պաշտոնական Բաքվի նպատակը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Արցախի բնակչությանը մարդասիրական աղետի և էթնիկ զտման վտանգի առջև կանգնեցնելով՝ Ադրբեջանի ղեկավարությունը հերթական անգամ փորձում է Արցախը և նրա բնակիչներին մեկուսացնել արտաքին աշխարհից։
«Հայերի միությունը, սթափ գնահատելով պաշտոնական Բաքվին «քաջություն» հաղորդող աշխարհաքաղաքական իրողությունները, միջազգային կազմակերպություններին և միջազգային հանրությանը կոչ է անում գնահատական տալ Ադրբեջանի հակամարդկային գործողություններին։ Միաժամանակ հույս ենք հայտնում, որ համատեղ ջանքերով կհաջողվի գտնել մեխանիզմներ` Բաքվին պարտադրելու պահպանել միջազգային և համամարդկային նորմերը»,–ասված է հաղորդագրության մեջ։