Ազգային ժողովն ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծին կողմ քվեարկեց 65 պատգամավոր: Ձեռնպահ էր 26 պատգամավոր, դեմ` 0:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագիծը ընդունվեց միաձայն: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, թե որևէ մեկը չի նսեմացնում նախկինում ունեցած բոլոր հնարավոր ձեռքբերումները, բայց, միևնույն ժամանակ, իր համար անհասկանալի է՝ դրականի մասին խոսելիս ինչու պետք է անընդհատ համեմատություններ անել անցյալի հետ ու փորձել գտնել պատճառներ:
«Խոսքը գոյություն ունեցող համակարգի բարելավման մասին է, այո՛, ես կարծում եմ, որ գոյություն ունեցող համակարգն այսօր չի բավարարում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին ու մենք սահմանում ենք ավեի բարձր նշաձող: Պայմանագրայինը պետք է ունենա ավելի բարձր պատրաստվածություն, ավելի բարձր կարողություն, ու պրոֆեսիոնալ բանակը ենթադրում է, որ մեր բանակի զինվորները պետք է ունենան ավելի բարձր ստանդարտներ և ունենան սոցիալական ավելի բարձր ապահովվածություն», - նշեց նախարարը:
Պապիկյանը պահեստազորում գտնվող պայմանագրայիններին ու սպաներին կոչ արեց ծանրութեթև անել իրենց հայրենիքին դեռևս ծառայելու հնարավորությունը:
«Սիրով սպասում ենք», - ընդգծեց նախարարը: