«Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության անդամները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով ազատել ՊՊԾ գնդի գրավման գործով դատապարտված Վարուժան Ավետիսյանին։
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր»-ի գործով Վարուժան Ավետիսյանը դատապարտվել էր 7 տարի ժամկետով ազատազրկման և վճռի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո տեղափոխվել ՔԿՀ, որտեղ և պահվում է։ Վարուժան Ավետիսյանը պնդում է, որ ունի առողջական լուրջ խնդիրներ, նրա փաստաբանները և «ԱԺԲ» կուսակցության ներկայացուցիչները պահանջում են՝ ազատել կալանքից Ավետիսյանին։ ՀՀ արդարադատության նախարարությունն իր հերթին պարզաբանումներ է ներկայացրել՝ Ավետիսյանի առողջական խնդիրների առնչությամբ՝ արձանագրելով, որ վերջինս հետազոտվել է «Էրեբունի» ԲԿ-ում. բժիշկների կողմից բուժման և մասնավորապես ստացիոնար բուժման կարիք չի արձանագրվել։
Այսօր «ԱԺԲ» կուսակցության ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով ազատ արձակելՎարուժան Ավետիսյանին։ Ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին։