Ծննդյան տորթ, փուչիկներ ու նկարից ժպտացող Ռոբը։ Այսօր Ռոբերտ Տիտանյանը կդառնար 22 տարեկան, բայց ցավոք 44 –օրյա պատերազմը մեկընդմիշտ բաժանել է Ռոբերտին իր հարազատներից ու երազանքներից։ Արցախյան գոյապայքարի անմահ հերոսներից է Ռոբերտ Տիտանյանը։ Ծնվել է 2000 թվականին, Երևանի Զեյթուն թաղամասում։ Դրա համար Ռոբերտին հաճախ ասում էին «Զեյթունցի Ռոբ»։
Հաճախել է Զեյթունի թիվ 15 մանկապարտեզը։ 9 տարի սովորել է Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 միջնակարգ դպրոցում, հաճախել է կարատեի և պարի։ Մայրը՝ տիկին Աննան որդուն կարոտով է հիշում, նկարագրելիս հաճախ բառեր չի գտնում, դժվար է միակ որդու մասին անցյալով խոսել։ Մանկուց աշխույժ, դաստիարակված ու խելացի է եղել Ռոբը, ասում է մայրը։
2019 թվականի հունվարին է Ռոբերտը զորակոչվել բանակ։Ծառայության 6 ամիսը անցել է Տավուշի մարզի Բերդ քաղաքի զորամասում։ Իր լավ մարտունակության շնորհիվ ծառայությունը շարունակել է ՀՀ ՊՆ Հատուկ նշանակության զորքերում։ Ռոբերտը պատերազմի առաջին օրվանից եղել է ամենաթեժ կետերում։ Քաջաբար կռվել է Ջրականում, Սանասարում, Հադրութում։ Հետախույզ Ռոբերտը զոհվել է հոկտեմբերի 20-ին։ Մայրը հիշում է որդու հետ ունեցած վերջին հեռախոսազրույցը։ Ամեն ինչ լավ է լինելու, հետ եմ գալու մորն ասել էր դեռ այդ ժամանակ 20-ը չբոլորած Ռոբերտը։
Ռոբի ծննդյան օրը բոլորն են եկել, հարազատները, ընկերներն ու բարեկամները։ Լուռ նստած են, նայում են մեծադիր լուսանկարին ու ցավ ապրում։ Հիմա Տիտանյանների բնակարանում ուրախության ձայներ պիտի լսվեր ու կենացներ հնչեր։ Տիրող լռությունը մերըթդմերթ ընդհատվում էր տիկին Անահիտի լացով։ Ռոբի տատիկն է, ութ թոռ ուներ, բոլորին էլ շատ է սիրում, բայց առանձնահատուկ կապված էր Ռոբերտի հետ, ինքն է պահել ու մեծացրել, դպրոց, ապա բանակ ճանապարհել։ Վերջին անգամ ևս Ռոբը փաթաթվել է տատիկին ու հրաժեշտ տվել, խոստանալով՝ հաջորդ այցը չի ուշանա։ Կարոտով մնացի արցունքն աչքերին նշում է տիկին Անահիտը։
Արիաբար է կռվել Ռոբը, սա էլ ասում է մարտական ընկերը։ Միասին են եղել դիրքերում, ու ոչ մի վարկյան չեն լքել իրենց վստահած դիրքը։ Եվ Ռոբերտը և Շավարշը ծանր վիրավորում են ստացել, Ռոբի կյանքը փրկել չի հաջողվել։ Շավարշն էլ երկարատև բուժման կուրս է անցել, հիմա իրեն լավ է զգում։ Հայ զինվորը չի պարտվել ասում է նա, այս պատերազմն ավարտած չէ։
Կենսուրախ ու կյանքը սիրող։ Այսպիսին էր Ռոբերտը։ Ընտանիքի բոլոր անդամների հեռախոսներում նրա լուսանկարներն են, կենդանության օրոք արված տեսանյութերը։ Քույրերը նաև պահպանել են բանակից տեսազանգով արված տեսանյութերը, բոլորում Ռոբը ժպտում էր, կատակում ու պարտադիր ասում՝ լավ է լինելու։ Իսկ այս մեկում էլ նրա ծննդյան օրն են նշել։ 19 տարեկան էր դարձել։ Վերջին ծնունդն իր մասնակցությամբ։
2 տարի առանց Ռոբի․․ նրա մեծադիր լուսանկարի տակ գրել էր մայրը, ուր խնամքով տեղադրել է նաև որդու անձնական իրերը։ Իր միակ որդուն ուրախությամբ ու հպարտությամբ բանակ էր ճանապարհել, բարի ու անփորձանք ծառայություն մաղթել։ Մեկ տարի անց տիկին Աննային հաձնում են որդու դին, ժամացույցն ու հեռախոսը։ Այսօր Ռոբերտի ծննդյան օրն էր, տոթի մոմերը նրա լուսանկարի առաջ վառում է մայրը։