Միացյալ Նահանգներն ամենաբարձր մակարդակում՝ ի դեմս պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի, ներգրավված է և աջակցում է հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին։ Այդ մասին հայտարարել է Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերը։
«Մենք հանձնառու ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի ապահովմանը։ Խորապես հավատացած ենք, որ շարունակական ուղիղ երկխոսությունը (այսինքն՝ ոչ թե ռազմական գործողությունը, այլ դիվանագիտությունը) առանցքային է խնդիրների կարգավորման և համապարփակ, տևական խաղաղության և բարեկեցության հասնելու հարցում։
Բոլորս էլ գիտակցում ենք, որ սա դյուրին չէ, սակայն ես ցանկանում եմ կրկնել պետքարտուղար Բլինքենի դիտարկումը արտգործնախարարներ Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպման ժամանակ․ նա ասաց՝ Միացյալ Նահանգները հանձնառու է անել ամեն ինչ աջակցելու կայուն խաղաղության հաստատման ձեր ջանքերին», - ասել է Ռիքերը։