Ղազախստանի ռազմավարական կուրսը՝ ուղղված ՀԱՊԿ տարածաշրջանի դաշնակիցների և գործընկերների հետ բարեկամության, բարիդրացիության և փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը, անփոփոխ է մնում, Երևանում ընթացող ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Ղազաստանի նախագահը հավելել է, որ ՀԱՊԿ երկրների առաջնորդների այս հանդիպումը աշխարհաքաղաքական բարդ ժամանակաշրջանում է տեղի ունենում։
«Մեր տարածաշրջանում շարունակվում են հակամարտությունները՝ խաթարելով կայունությունն ու անվտանգությունը եվրասիական ամբողջ տարածքում։ Այս պայմաններում կենսական նշանակություն ունի բաց և կառուցողական երկխոսության պահպանումն ու զարգացումը։ Դա է բարդ ճգնաժամերն ու տարաձայնությունները հաղթահարելու արդյունավետ և ընդունելի ուղին»,- ասել է Տոկաևը՝ այս համատեքստում անդրադառնալով նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը։
«Բոլորս շահագրգռված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Հուսով ենք, որ ռուսական կողմի խաղաղապահ ջանքերը հնարավորություն կտան հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդով և կողմերին բերել խաղաղության պայմանագրի ստորագրման»,- ասել է Տոկաևը։