Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է Կոսովոյի հետ խաղը, որն ավարտվեց 2-2 հաշվով։ Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Բերեզովսկին ընդգծեց, որ իրենց բոլոր նպատակներին չկարողացան հասնել, քանի որ չստացվեց հաղթանակ տոնել։ «Մեզ մի փոքր չհերիքեց հաղթելու համար։ Բայց գոհ ենք, որ շատ ֆուտբոլիստներ դաշտ դուրս եկան և կարողացան ցուցադրել իրենց որակները։ Մենք ավելի սառը գլխով կվերլուծենք և հետևություններ կանենք»,- ասաց նա։
Անդրադառնալով խաղի ընթացքում Կամո Հովհաննիսյանին աջ եզրից ձախ եզր տեղափոխելու որոշմանը՝ Բերեզովսկին ընդգծեց, որ նման որոշում կայացրեցին մարզչական շտաբում կայացած քննարկումների արդյունքում։ Բերեզովսկին գոհունակությամբ նշեց, որ այդ փոփոխությունից հետո Կամո Հովհաննիսյանը կարողացավ գոլի հեղինակ դառնալ։
Խոսելով Ալբանիայի ընտրանու դեմ կայանալիք ընկերական խաղի մասին՝ Բերեզովսկին նշեց, որ Ալբանիայի հավաքականն այսօր խաղ ունի Իտալիայի դեմ։ Նա հավելեց, որ վերլուծելու են այդ խաղն ու առաջ շարժվեն։ Թե ինչ կազմով Հայաստանի հավաքականը դուրս կգա դաշտ Ալբանիայի դեմ խաղում, Բերեզովսկին շատ չմանրամասնեց։ Նա ասաց, որ դա պարզ կլինի, երբ հասկանան, թե որ ֆուտբոլիստը ինչպիսի ֆունկցիոնալ վիճակում է։
Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ ոչ ոքի հաշվով ավարտեց հանդիպումը Կոսովոյի ընտրանու դեմ։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով, թեև խաղի ընթացքում մեր ընտրանին 2 անգամ հաշվի մեջ առջևում էր։ Հայաստանի հավաքականի գոլերը հեղինակեցին Ժիրայր Շաղոյանն ու Կամո Հովհաննիսյանը, իսկ մրցակցի գոլերը հեղինակեցին Լիրիմ Կաստրատին և Դոնատ Ռուդհանին։
Նոյեմբերի 19-ին Հայաստանի հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի՝ մրցակցի հարկի տակ խաղալով Ալբանիայի ընտրանու դեմ։