Պրիշտինայում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղ անցկացրեց Կոսովոյի ընտրանու հետ և վերջին պահին ձեռքից բաց թողեց հաղթանակը։ Հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով։
Մեր ընտրանին ակտիվ էր սկսել խաղն ու պարբերաբար հայտնվում էր մրցակցի դարպասի մատույցներում, ինչի արդյունքում 24-րդ րոպեին Էդգար Բաբայանը կենտրոնում գնդակը գլխով փոխանցեց Ժիրայր Շաղոյանին, որը հիանալի գոլի հեղինակ դարձավ․ նա, ձախ եզրով շրջանցելով մրցակցի ֆուտբոլիստներին, հասավ դարպասի մոտ ու արդեն մոտ տարածությունից գրավեց այն։
Հանդիպման 66-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց Ստանիսլավ Բուչնևի դարպասին՝ համարելով, որ Հովհաննես Հարությունյանը խախտել է կանոնները մրցակցի նկատմամբ։
Նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Կաստրատին՝ հավասարեցնելով հաշիվը։
81-րդ րոպեին Արթուր Սերոբյանը գնդակը փոխանցեց մրցակցի դարպասի ձախ կողմում գտնվող Կամո Հովհաննիսյանին, որը, արագ կողմնորոշվելով, այն ուղարկեց մրցակցի դարպասը՝ նորից առաջ մղելով մեր թիմին։
Ցավոք, հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին մրցակիցը կարողացավ ճեղքել մեր պաշտպանությունն ու նորից վերականգնել հաշվի հավասարակշռությունը` փրկելով իր թիմին պարտությունից։