00:00:00

Ինչո՞ւ է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրն անհանգստացնում Իրանին. Euractiv

17:28, 09 նոյեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

Անցյալ ամիս, երբ բողոքի ակցիաները տարածվեցին ամբողջ Իրանում, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կենտրոնացած էր ռեժիմին սպառնացող մեկ այլ, ոչ այնքան ակնհայտ սպառնալիքի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի ուղղությամբ:Այս մասին Euractive-ում հրապարակված իր ծավալուն հոդվածում գրել է սերբ քաղաքական վերլուծաբան Նիկոլա Միկովիչը, որը հիմնականում կենտրոնանում է Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի արտաքին քաղաքականության վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով էներգետիկային և «խողովակաշարային քաղաքականությանը»։

Հեղինակը հիշեցնում է, որ լայնածավալ զորավարժությունների շրջանակում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն առաջին անգամ կիրառել է պոնտոնային կամուրջներ՝ Իրանը Ադրբեջանից և Հայաստանից բաժանող Արաքս գետն անցնելու համար: Ռազմական ուժի ցուցադրումը, պաշտոնապես սովորական զորավարժությունները, խորհրդանշական ուղերձ էին Բաքվին առ այն, որ Թեհրանը չի ընդունի փոփոխություններ այս սահմանամերձ շրջանում:

Բայց ինչո՞ւ է Իրանն այդքան անհանգստացած, որ երկու ոխերիմ թշնամիների միջև հնարավոր խաղաղության պայմանագիրը կարող է հանգեցնել նման արդյունքի: Եվ ինչպե՞ս կարող են այդ փոփոխությունները մարտահրավեր նետել Իրանի իշխանությանը, հարց է հղում վերլուծաբանը:

Նա հիշեցնում է, որ 2020 թվականին Ռուսաստանի միջնորդությամբ կնքված զինադադարի հայտարարությունում նշվում է, որ Հայաստանը համաձայնել է տրանսպորտային կապի կառուցմանը Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի էքսկլավի միջև:  Այս կետը կոչված էր ապահովելու քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել տեղաշարժը Ադրբեջանի և Նախիջանի միջև։

«Հայաստանը մտավախություն ունի, որ «Նախիջևանի միջանցքը» կարող է ազդել իր ինքնիշխանության վրա և, իր հերթին, ազդել Իրանի հետ սահմանի վրա: Ադրբեջանը, որպես 44-օրյա պատերազմի հաղթող, մղում է Մոսկվայի գործարքի իրականացմանը և ցանկանում է, որ Հայաստանը ճանապարհային և երկաթուղային կապեր կառուցի Իրանի հետ սահմանի երկայնքով՝ առանց անձնագրային կամ մաքսային հսկողության: Թեհրանն իր հերթին տեղյակ է, որ «Նախիջևանի միջանցքը» ցամաքային Ադրբեջանը կապելու է ոչ միայն իր էքսկլավի, այլ նաև իր դաշնակցի՝ Իրանի տարածաշրջանային մրցակից Թուրքիայի հետ։ Իսկապես, եթե «Նախիջևանի միջանցքը» կառուցվի, այն Թուրքիային կտրամադրի նոր ցամաքային ճանապարհ դեպի Հարավային Կովկաս, որը թուրքական ղեկավարությունը, հավանաբար, կօգտագործի էներգառեսուրսներով հարուստ տարածաշրջանում իր ներկայությունն ամրապնդելու համար: Թուրքիան նույնիսկ ավելի արագ ճանապարհ կստանա դեպի Կենտրոնական Ասիայի շուկաներ, ինչը Անկարային զգալի աշխարհաքաղաքական հաղթանակ կբերի, նրան տրանսպորտային ցատկահարթակ կտա իր պանթյուրքիստական որոշ հավակնոտ նպատակներ իրականացնելու համար:Այս բոլոր զարգացումները կարող են թուլացնել Իրանի դիրքերը տարածաշրջանում։

Այդ կապը կվերացնի Ադրբեջանի կախվածությունը Իրանից տարանցման հարցում և կվերացնի Հարավային Կովկասում Իսլամական Հանրապետության մենաշնորհը տարանցիկ ծառայությունների ոլորտում: Տրանսպորտային միջանցքը Բաքվին կփոխանցի նաև Արաքս գետի ավազանի ջրային ռեսուրսների բաշխման վերահսկողությունը։

Անվտանգությունը վերջնական պատճառն է, թե ինչու են իրանական իշխանությունները վախենում Նախիջևանի կապից: Եթե այն կառուցվի այնպես, ինչպես առաջարկվում է, ապա կարող է օգտագործվել Իրանի թշնամիների կողմից ռազմական նպատակներով:

Ադրբեջանը, չնայած մեծամասնությամբ շիա երկիր է, ամուր ռազմական կապեր ունի Իսրայելի՝ Իրանի գլխավոր թշնամու հետ: Բոլորին հայտնի գաղտնիք է, որ իսրայելցի զինվորականները կփորձեն օգտագործել Ադրբեջանի տարածքը Իրանի հետ մեծ պատերազմի դեպքում։ Վերջին բանը, որ Թեհրանը ցանկանում է, տեսնելն է, որ Ադրբեջան-Հայաստան խաղաղության պայմանագիրը ճանապարհ է հարթում Իսրայելի ընդլայնված ներկայության համար: Իսլամական Հանրապետությունը կարծես թե մտադիր է կանխել Հայաստանի տարածքով տարանցիկ միջանցքի կառուցումը»,- գրել է վերլուծաբանը:

Այնուհետև նա հիշեցնում է, որ Արասքի հովտում Թեհրանի զորավարժություններից հետո ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը բացել է Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը Կապանում՝ Հայաստանի հարավային Սյունիքի մարզում՝ ռազմավարական նշանակություն ունեցող տարածքում, որով որ պետք է անցնի «Նախիջևանի միջանցքը»։ Դա ևս մեկ ազդանշան էր Ադրբեջանին, որ Իրանը իրեն դիտարկում է որպես Հարավային Կովկասում անխուսափելի դերակատար...

«Մի բան հաստատ է. Ադրբեջանի և Իրանի ներկայիս հարաբերությունները ո՛չ բարեկամական են, ո՛չ եղբայրական։ Ադրբեջանը աշխարհիկ երկիր է՝ շիա դավանանքով, և թվում է, դա միակ բանն է, որ կիսում են երկու երկրները: Բաքուն և Թեհրանն ունեն տարբեր դաշնակիցներ, առաջնահերթություններ և աշխարհաքաղաքական նպատակներ։ Այսպիսով, եթե Ադրբեջանին ի վերջո հաջողվի կառուցել Ռուսաստանի կողմից աջակցվող «Նախիջևանի միջանցքի» իր հատվածը, Իրանը կլինի 2020 թվականի պատերազմի երկրորդ ամենամեծ պարտվողը»,- գրել է հեղինակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր