Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 3-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի վավերացմանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Համաձայնագիրը կնպաստի Ռուսաստանի հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և բազմակողմ այլ ձևաչափերում համագործակցության խորացմանը:
Համաձայնագրի նպատակը Հայաստանի և Ռուսաստանի իրավասու մարմինների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության խթանումն է:
Համաձայնագրի շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի իրավասու մարմինները տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցություն են իրականացնում հետևյալ հիմնական ուղղություններով.
- տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառի սպառնալիքներին հակազդման համակարգում,
- իրավապահ ոլորտում տեղեկատվության փոխանակում՝ ահաբեկչական և այլ հանցավոր նպատակներով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված հանցագործությունները բացահայտելու, կանխարգելելու, կանխելու և հետաքննելու նպատակով,
- տեղեկատվական անվտանգության ապահովմանը նպաստող վստահության անհրաժեշտ միջոցառումների համաձայնեցում և իրականացում,
- ՀՀ և ՌԴ իրավասու մարմինների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով տեղեկատվության փոխանակում՝ ներառյալ համագործակցությունը համակարգչային միջադեպերի արձագանքման բնագավառում,
- տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերի շուրջ երկու պետությունների օրենսդրության վերաբերյալ տեղեկատվության փոխանակում,
- տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում երկու պետությունների համագործակցության երկկողմ նորմատիվ իրավական բազայի և գործնական մեխանիզմների կատարելագործում,
- ազգային և միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման նպատակով միջազգային իրավունքի մշակմանն ու առաջմղմանը մասնակցության ցուցաբերում,
- միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման հիմնախնդիրների լուծման գործում միջազգային կազմակերպությունների և համաժողովների շրջանակներում (ներառյալ՝ Միացյալ ազգերի կազմակերպությունը, հեռահաղորդակցության միջազգային միությունը, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Անկախ պետությունների համագործակցությունը և այլն) երկու պետությունների փոխգործակցության և գործունեության համակարգում,
- տեղեկատվական անվտանգության ոլորտում երկու պետությունների լիազորված ներկայացուցիչների և փորձագետների աշխատանքային հանդիպումների, գիտաժողովների, սեմինարների և այլ համաժողովների անցկացում,
- փոխգործակցություն տեղեկատվական անվտանգության ոլորտում կադրերի պատրաստման, ստաժավորումների, մասնագետների փոխանակման բնագավառում,
- տեղեկատվական անվտանգության բնագավառում օրենսդրության կատարելագործման հարցերով փորձի փոխանակում,
- աջակցություն տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով գիտահետազոտական գործունեության իրականացմանը: