00:00:00

Մայր Աթոռն ու Կիլիկիո կաթողիկոսությունը չեն մասնակցի Համաշխարհային հայկական գագաթնաժողովին.Aravot.am

14:06, 18 հոկտեմբեր 2022 Հասարակություն

Մայր Աթոռը Aravot.am-ի հարցմանն ի պատասխան հաստատել է, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը Ամենայն Հայոց Կաթողիկոսին բանավոր հրավեր ուղարկել է գագաթնաժողովին մասնակցելու համար, հարցը քննարկվել է և նպատակահարմար չի համարվել մասնակցությունը։

«Գագաթնաժողովը տարակուսանքներ է առաջացնում մասնակիցների ընտրության հարցում, մասնավորաբար, համահայկական ավանդական կազմակերպությունների և ազգային կյանքում նշանակալի ավանդ ունեցող անձանց ներկայացվածության առումով: Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերների համատեքստում անընկալելի են նաև քննարկման համար ընդգրկված նյութերը: Կազմակերպական այս մոտեցումներով նման միջոցառումը կարող է նոր զգայունություններ և լարվածություններ առաջացնել ազգային մեր կյանքում և արդյունավետ չլինել:

Եկեղեցին հնարավորություն չի ունեցել իր հիշյալ և այլ դիտարկումները ներկայացնելու գագաթնաժողովի կազմակերպիչներին՝ ներգրավված չլինելով կազմակերպչական աշխատանքներում, թեև Եկեղեցին միշտ էլ կարևորել է համահայկական համախմբմանն ուղղված նման համաժողովների ու միջոցառումների անցկացումը։ Վերոհիշյալ նկատառումներից ելնելով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նպատակահարմար չի նկատում Եկեղեցու մասնակցությունը գագաթնաժողովի աշխատանքներին»,- ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը:

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսությունը ևս որոշել է չմասնակցել գագաթնաժողովին, քանի որ Կաթողիկոսությունը ներառված չի եղել գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքներին, ինչպես նաև հրավիրվել են ոչ թե սփյուռքում գործող կազմակերպությունները, այլ անհատներ։

«Սփիւռքի Գործերու Գլխաւոր Յանձնակատար Տիար Զարեհ Սինանեան հեռաձայնային կապով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հրաւիրած է յիշեալ «Գագաթնաժողով»ին մասնակցելու: Մեր ազգը եւ յատկապէս Հայաստանը ու Արցախը դիմագրաւող ներկայ տագնապալից ժամանակներուն եւ ներ-Հայաստանեան ոչ-նպաստաւոր պայմաններուն մէջ, նման նախաձեռնութեան նկատմամբ Վեհափառ Հայրապետը իր մտահոգութիւնը ու վերապահութիւնը յայտնած է: Ազգային Կեդրոնական Վարչութիւնը, անցեալ շաբաթ իր գումարած նիստին, բաժնելով Վեհափառ Հայրապետին մտահոգութիւնը եւ նկատի ունենալով, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը չէ ներառուած գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքներուն մէջ, ինչպէս նաեւ Սփիւռքի կեանքէն ներս գործող կազմակերպութիւններ չեն հրաւիրուած, այլ միայն անհատ ազգայիններ, ճիշդ չնկատեց մեր Սուրբ Աթոռին եւ իր թեմերուն մասնակցութիւնը գագաթնաժողովին»,- այս մասին հայտնում է Cilicia TV-ն` կաթողիկոսարանի իր աղբյուրներին հղումով։

***

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 13-ի նիստում որոշում էր կայացրել հոկտեմբերի 28-31-ը Երևանում կկազմակերպել Համաշխարհային հայկական գագաթնաժողով։ Մասնակցելու է 600 անձ աշխարհի 45 երկրից։ Գագաթնաժողովի կազմակերպմանը կուղղվի 309 միլիոն դրամ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր