00:00:00

«Մամ, դու ամեն ինչին պիտի պատրաստ լինես». 20-ամյա Էդուարդը զոհվելուց առաջ հաճախ էր կրկնում այս խոսքերը

16:02, 06 հոկտեմբեր 2022 Հասարակություն

«Մամ, դու ամեն ինչին պիտի պատրաստ լինես». 20-ամյա Էդուարդ Սիանոսյանը կյանքի վերջին շրջանում հաճախ էր մորն ասում այս խոսքերը։ Երբ ծնողները զայրանում էին այդ խոսքերից, որդին կրկնում էր. «Չգիտե՞ք՝ ինչ խառը ժամանակներ են, մամ, ինչի դու պատրաստ չե՞ս»։ Այս մասին գրում է Aravot.am-ը:

20-ամյա Էդուարդ Սիանոսյանը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին զոհվել է ադրբեջանական՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիայի հետեւանքով։ Ջերմուկի դիրքերը պաշտպանելիս է զոհվել։ Քույրը՝ Լիանան, պատմում է, որ եղբայրը 2021-ի մարտի 11-ին է զորակոչվել, սկզբում Ճամբարակում էր ծառայում, ծնողները տագնապի մեջ էին. «Մտածում էինք՝ Ճամբարակում վիճակը հաճախ լարվում է։ Հետո երբ տեղափոխեցինք Ջերմուկ, շատ հանգիստ էինք, կարծում էինք՝ այդտեղ խաղաղ է»։ Բայց, չէ, է՛լ խաղաղ սահման կարծես չի մնացել։



Զորակոչվելուց առաջ, Լիանայի պատմելով, մեծ խնջույք չեն արել, 44-օրյայից հետո էլ ո՞ր ընտանիքը, ինչպես նախկինում էր, խանդավառությամբ որդուն բանակ կուղարկի։ Հարազատները եկել էին անփորձանք ծառայություն մաղթելու։ Բայց ծրագրել էին, զորացրվելուց հետո մեծ խնջույք պետք է անեին, ա՛յ վերադարձն ուրախություն է։ Ամեն ինչ ծրագրել էին, համարյա բան չէր մնացել, 6 ամիս էլ կծառայի ու տուն կգա։ Սեպտեմբերի 13-ին պատերազմի լուրը լսելուն պես Էդուարդի ծնողներն անդադար որդուն են զանգել, նախորդ օրն էլ խոսել էին հետը, կարծես ամեն ինչ լավ էր, Էդուարդն էլ շատ գաղտնապահ էր, եթե մի բան էլ էն չլիներ, երբեք տանեցիներին չէր ասի, բանակի խնդիրների մասին երբեք չի պատմել, անտրտունջ ծառայել է։

Ծնողների երկար զանգերն անպատասխան են մնացել։ Սկսել են նրան փնտրել՝ բոլոր հնարավոր վայրերում ու հնարավոր միջոցներով։ Լիանան ասում է՝ 16 օր Էդուարդին են փնտրել։ Էդ փնտրելն էլ «էն աշխարհ» գնալու նման մի բան էր, թեեւ նաեւ հույս էր։ Պաշտպանության նախարարությունից ասել էին, որ Էդուարդը անհետ կորածների ցանկում է։ Հետո համացանցում հայ ռազմագերիների տեսանյութ են գտել, մի տղայի շատ են նմանեցրել Էդուարդին։ Ծնողները գնացել են Կարմիր Խաչի գրասենյակ։ Քույրն ասում է՝ շատ նման էր այդ տղան, ծնողներս մի քիչ ուրախացել էին, որ եղբայրս գուցե ողջ է.

«Բայց ես զգում էի, որ չէ, տեսանյութում Էդուարդը չի։ Մամայիս ասում էի էդ մասին, բայց ինքն էլ երեւի ուզում էր, որ տեսանյութում եղբայրս լիներ։ Էդուարդը միշտ ասում էր՝ ես ինձ կսպանեմ, բայց գերի չեմ ընկնի»։

Որդուն երկար փնտրելուց հետո որեւէ արդյունք չեղավ։ Էդուարդի հայրն էլ տեսնելով, որ էլ հնար չկա, կնոջն առաջարկել էր գնալ ԴՆԹ անալիզ հանձնել։ Հանձնեցին։ Օրեր անց, սեպտեմբերի 29-ին զանգեցին ու հայտնեցին, որ ԴՆԹ-ն համընկել է։ Բայց նույնիսկ մահը հաստատվելուց հետո էլ Էդուարդի տվյալներն անհետ կորածների ցուցակում էր։ Հիմա մայրերն ուրախանում են, որ որդիների մասունքները չեն ստանում, աճյուններն ամբողջությամբ են գտնում։ Լիանան ասում է՝ եղբոր մարմինն ամբողջական էր, դա ինչ-որ չափ, շատ քիչ, բայց մխիթարել է ծնողներին, Էդուարդի մարմինը Ադրբեջանի փոխանցած 95 մարմինների մեջ է եղել։ Էդուարդը զինծառայության առաջին ամիսներին մասնակից է եղել Իշխանասարի մարտերին՝ 2021-ի նոյեմբերի 16-ին։

«Դրանից հետո զգում էինք, թե Էդոն ինչքա՜ն է փոխվել։ Հայրենիքի հանդեպ սերն ավելի էր ուժգնացել։ Մամաս երբեմն կատակով ասում էր՝ էդո, ի՞նչ անենք, որ դու բանակ չգնաս, եղբայրս վիրավորվում էր, զայրանում, ասում՝ մամա, բա էն տղերքն իրենց կյանքը տվեցին, որ քեզ ու քրոջս պաշտպանեն, բա իրենց մամաները քեզանից ինչո՞վ են տարբերվում, բա ինչի՞ պետք ա մյուս տղերքն իրենց կյանքը տան ձեզ պաշտպանելու համար, ես իրենց մամաներին չպաշտպանեմ»։ 

Քույրն ասում է, որ Էդուարդը զոհվել է ծառայակից ընկերոջն օգնության հասնելու ժամանակ։ Այս գերդաստանում պատերազմի արհավիրքը զգացել են երիտասարդ զավակներ կորցնելով։ Լիանան ասում է, որ 2020 թվականի մարտի 10-ին՝ Երասխի դիրքերը պաշտպանելու ժամանակ զոհվել է հորեղբոր տղան, պայմանագրային զինծառայող Զոհրաբ Սիանոսյանը։ 44-օրյայի ժամանակ էլ զոհվել է մորեղբոր որդին՝ Նարեկ Սահակյանը՝ ժամկետային զինծառայող։ Քույրը պատմում է, որ եղբայրը սկզբում միշտ հորն էր զանգում, ասում է՝ պապան որդու ամեն զանգից հուզվում, լաց էր լինում.

 «Երեւի պատճառն այն է, որ պապան էլ 1995-ին Տավուշում է ծառայել, ծանր վիրավորվել է կռիվների ժամանակ, նույնիսկ կարծում էին, թե մահացել է։ Հրաշքով է փրկվել։ Ու պապան շատ լավ հասկանում էր ծառայության վտանգները»։ Բարձրաստիճան զինվորականներից, սպայական կազմից ոչ ոք չի այցելել Էդուարդի ծնողներին։ 

«Եղբայրս շատ դժվարությամբ է ծնվել, հայրս պիտի ընտրություն աներ՝ կամ երեխան կամ կինը։ Մամաս ասում է՝ ես էդպես մահվան գնով որդի ծնեմ, պահեմ, մեծացնեմ, առողջ ուղարկեմ բանակ, ինձ մահացա՞ծ վերադարձնեն։ Երբ մեր տուն եկան, դրոշը տվեցին մամայի ձեռքը, մամաս ասաց՝ ո՞նց, հիմա դրո՞շն է իմ էրեխեն»,-պատմում է Լիանան։

Լիանան հիշողություններով է կիսվում մեզ հետ, եղբոր մանկությունից, պատանեկությունից պատմում, ասում է՝ այնքա՜ն սկզբունքային էր, հասուն, հավասարակշռված, միշտ իրենից բարձր տարիքով տղաների հետ էր ընկերություն անում, ու շատ խիզախն էր, պատասխանատու, այնքա՜ն բան էր ծրագրել, ու գլխավորը՝ բանակից վերադառնա, աշխատի, այնքան վաստակի, որ ծնողները հոգս չունենան։ «Բանակից առաջ եղբորս հարցնում էի՝ սիրած աղջիկ չունե՞ս, այ եթե սիրած աղջիկ ունենաս՝ ծառայությունը երեւի ավելի հեշտ կանցնի։ Էդոն ասաց՝ չգիտես՝ գնաս ինչ կլինի, չեմ ուզում էդ աղջկան դժբախտացնեմ»,-պատմում է Լիանան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր