Հայաստանը ներկայացնող Մարիամ Մկրտչյանը 8-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Ռումինիայում ընթացող շախմատի պատանեկան առաջնությունում:
Այսօր մեր 18-ամյա շախմատիստուհին մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Այան Ալահվերդիևայի հետ: Սպիտակներով հանդես եկող մեր հայրենակիցը կրկին վստահ անցկացրեց պարտիան և 35-րդ քայլին մրցակցին ստիպեց ճանաչել իր պարտությունը:
Մարիամ Մկրտչյանը 8 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նա աշխարհի առաջնության միակ մասնակիցն է, որն ունի 100 տոկոսանոց արդյունք: Հաջորդ՝ 9-րդ տուրում, մեր շախմատիստուհին կմրցի հնդկուհի Կանիշկայի հետ, որը վաստակել է 6,5 միավոր:
Հայաստանի մյուս մասնակիցներից այսօր հաղթանակներ տարան նաև Բենիկ Աղասարովը, Էմին Օհանյանը, Ալեքս Սահակյանը և Սարգիս Սարգսյանը: Նրանք, ինչպես նաև Արսեն Դավթյանը, Մամիկոն Ղարիբյանը և Անի Ավետիսյանը, շարունակում են պայքարել մրցանակային տեղերի համար:
Աշխարհի առաջնության ավարտին մնացել է երեք տուր: