Հայաստանը, որդեգրելով խաղաղության օրակարգը, հասկանում է, որ դա միայն մեկ սուբյեկտից կախված չէ, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե այս գործողություններով Ադրբեջանը ուզում է ու տորպեդահարում է խաղաղության օրակարգը, որովհետև, ըստ Փաշինյանի, խաղաղությունն այն միջավայրն է, որտեղ Հայաստանը կարող է զարգանալ մեծ տեմպերով ու խաղաղությունն այն միջավայրն է, որը կարող է ապահովել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։
Հայաստանի վարչապետն ասաց, թե բոլորն ուզում են խաղաղություն, խնդիրն այն է, որ խաղաղություն ասելով՝ յուրաքանչյուր սուբյեկտ հասկանում է իր պատկերացումները ու խաղաղությունը տեղի չի ունենում այն ժամանակ, երբ պատկերացումները չեն համընկնում կամ հնարավոր չի լինում դրանք մոտեցնել։
«Մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը, մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով ձգտենք խաղաղության՝ փորձելով մոտեցնել պատկերացումներն ու մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով հնարավորինս արագ ու արդյունավետ բարեփոխենք մեր բանակն ու Զինված ուժերը՝ ապահովելու համար մեր անվտանգությունը», - հայտարարեց Փաշինյանը։