Սերբիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 63 կգ քաշային կարգում հանդես եկող Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալի համար պայքարում պարտություն կրեց։ Նրա մրցակիցը Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, ադրբեջանցի Թալեհ Մամադովն էր։ Խաղն ավարտվեց 4:10 հաշվով` հօգուտ ադրբեջանցու:
Հրաչյա Պողոսյանը մրցաշարին մասնակցեց 1/16 եզրափակիչից, որտեղ 5:2 հաշվով հաղթեց ճապոնացի Ռյուտո Իկեդային, 1/8 եզրափակիչում համառ պայքարում 1:1 հաշվով առավելության հասավ խորվաթ Իվան Լիզատովիցչի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Պողոսյանը 0:4 հաշվով պարտվեց սերբ Սեբաստիան Նադին, որը հասավ եզրափակիչ և հայ ըմբիշին պայքարը շարունակելու հնարավորություն տվեց: Բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտում Պողոսյանը 9:1 հաշվով հաղթեց ռումինացի Ռազվան Արնաուտին: