00:00:00

Ընդդիմությունը գտել է մանդատները պահպանելու ձևը․ իշխանությունը՝ իրավական փակուղու առաջ

18:15, 12 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

 

Ազգային Ժողովի աշնանային նստաշրջանը մեկնարկեց։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն էին միայն նիստերի դահլիճում, հոտընկայս լսեցին Հայաստանի հիմնը, իրենք իրենց ծափահարեցին ու անցան օրակարգային հարցերի քննարկմանը։ ««Հայաստանի իրական օրակարգը» վերտառությամբ քննարկում էլ հրավիրել էին «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները, որոնք հերթական անգամ բոյկոտել են խորհրդարանի աշխատանքները։

Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, եթե ընդդիմությունը չներկայանա նիստերին, ապա հարցը սահմանված կարգով կքննարկվի ՍԴ-ում։

«Մենք ծափահարություններով իրենց ճանապարհեցինք դահլիճից և պատրաստ ենք ծափահարություններով իրենց ընդունել դահլիճ, և ես ասում եմ, որ իրենք այլընտրանք չունեն, և այդ ձևերը, որ հիմա անում են, այլընտրանք չունի: Եթե դու քաղաքականության մեջ ես, դու պետք է լինես դահլիճում, եթե դու քաղաքականությունից դուրս ես, ապա դու այս դահլիճից դուրս ես: Իրանց լուսանցքում են հայտնվել և ներսում իրենք ունեն լուրջ քննադատություն և լուրջ քննարկումներ, որովհետև, պնդում եմ, սա ինֆորմացիա է, այլ ոչ թե կարծիք, մի մասն ասում է՝ «եկեք վերադառնանք», մի մասն ասում է, «որ մենք վերադառնանք, շատ վատ կլինի մեզ», և այդ քննարկումները շարունակվում են: Եթե մինչև տարվա վերջ իրենք չվերադառնան ու կոնկրետ պատգամավորների բացակայությունների չափն անցնի թույլատրելին, վստահ եմ, որ Սահմանադրական դատարանը ճիշտ որոշում կկայացնի և իրենց կփոխարինեն այն պատգամավորները, որոնք հասկանում են, որ պատգամավորը Ազգային ժողովում աշխատելու համար է», - ասել էր  Սիմոնյանը:

Ի պատասխան «Հայաստան» դաշինքից Իշխան Սաղաթելյանն էլ լրագրողների հետ զրույցում նշել էր․ «Մենք արել ենք հստակ քաղաքական հայտարարություն, դուրս ենք եկել Խորհրդարանից, ապա հետ ենք գնացել ծափողջյունների նիստին՝ հրաժարականի պահանջով, հայտնել ենք մեր դիրքորոշումը և հիմա գնում ենք առաջ։ Իշխանությունը մի ձեռքով փորձում է սպառնալ, որ մանտադներից կզրկի մեզ, մյուս ձեռքով փորձում են իրենց խելքով մեզ սիրաշահել, որ գնանք և մասնակացենք հանրության օրակարգի հետ կապ չունեցող կեղծ իմիտացիոն քննարկումների։ Դուք մեզ տեսնելու եք խորհդարանում, բայց տեսնելու եք մեր օրակարգով»։

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով խորհրդարանական ընդդիմությունը գտել է մանդատներից չզրկվելու ձևը։ Ըստ այդմ, մեզ հասած տեղեկությունների համաձայն «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները այս նստաշրջանին միայն որոշ քվեարկությունների կմասնակցեն։ Այսինքն բուն նախագծերի քննարկումներին չեն գնա, բայց քվեարկություններից առաջ կմտնեն նիստերի դահլիճ, կգրանցվեն, կքվեարկեն և դուրս կգան։ Ի վերջո Սահմանադրության պահանջն այն է, որ պատգամավորներին մանդատից զրկել հնարավոր կլինի միայն ամբողջ նստաշրջանում քվեարկություններից կեսից ավելի բացակայելու դեպքում։ Սա ենթադրում է, որ երկու խմբակցություններում կհաշվեն, թե քանի անգամ է անհրաժեշտ քվեարկություններին մասնակցել, կգնան՝ կմասնակցեն և դուրս կգան ԱԺ-ից։

Այս ամենն արվում է, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները պահպանեն իրենց մանդատները, զուգահեռ իշխանությանը իրավական առումով փակուղու առաջ կկանգնացնեն, իսկ  իրենց ընտրազանգվածին ցույց կտան, որ շարունակում են քաղաքական բոյկոտը և ՔՊ-ի օրակարգով խորհրդարան չեն գնում։ 

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր