Ազգային Ժողովի աշնանային նստաշրջանը մեկնարկեց։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն էին միայն նիստերի դահլիճում, հոտընկայս լսեցին Հայաստանի հիմնը, իրենք իրենց ծափահարեցին ու անցան օրակարգային հարցերի քննարկմանը։ Մեկ ու կես ժամ տևեց քննարկումը, հետո հայտարարվեց ընդմիջում։ Լրագրողներն էին միջանցքում սպասում։ Նրանց հարցերին պատասխանեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Վերջինս անլուրջ է գնահատում ընդդիմադիր երկու խմբակցությունների այլընտրանքային նիստ հրավիրելը: Նա կարծում է, որ ընդդիմության այս քայլը չի վնասում Ազգային ժողովի աշխատանքը։ Ըստ ԱԺ նախագահի՝ ընդդիմադիր պատգամավորները հայտնի են իրենց հայհոյանքներով, ու հանրությունը տալիս է դրա գնահատականը։ Եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները շարունակեն չներկայանալ նիստերին, օրենքի պահանջն է կզրկվեն մանդատներից, նախորդ անգամ բարի կամք են դրսևորել։
Իսկ ընդդիմության այլընտրանքային նիստը Երևանի գործող հյուրանոցներից մեկում էր։ «Հայաստանի իրական օրակարգը» վերտառությամբ քննարկում էին հրավիրել, ներկա էին ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, քաղաքական ու հասարակական գործիչներ։ Այս ԱԺ-ն պատմության մեջ ամենախայտառակն է: Գնահատականը Իշխան Սաղաթելյանինն էր, հայտարարեց՝ ՔՊ-ին միայնակ են թողնում Արցախը վաճառելու հարցում։ Ըստ ընդդիմադիր գործչի՝ Երբ մենք քննարկում ենք ՀՀ-ի առջև ծառացած խնդիրները, ԱԺ-ի պատերի ներքո շարունակվում է կրկես հիշեցնող շոուն։ Պատգամավորը հայտնեց նաև, որ Հայաստանում և Արցախում կան մարդիկ, ովքեր ի զորու են առաջնորդել հայ ժողովրդին պատմական այս ծանր ժամանակահատվածում, բայց թե ովքեր են անուններ չասաց։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին ժամանակ առ ժամանակ հիացնում է այն հանգամանքը, որ իշխող խունտայի որոշ ներկայացուցիչներ պարբերաբար ստանձնում են իրենց փիառ ագետների դերը, բայց խորհուրդ է տալիս մտածեն իրենց փիառով։ Չեն գնում խորհրդարան, որովհետև կանգնած են այն վայրում, որտեղ ավելի կարևոր հարցեր կան։ Խորհդարանական աշխատանքներում ներգրաված լինել չի նշանակում ԱԺ-ից դուրս չգալ, սա էլ պատասխանն էր Ալեն Սիմոնյանին։
Ու մինչ իշխանականներն ու ընդդիմադիրները սեփական օրակարգերով տարբեր վայրերում նիստեր են հրավիրում, քաղաքական տարբեր գործիչներ ու վերլուծաբաններ ահազանգում են Ադրբեջանը պատարստվում է պատերազմի։ Մասնավորապես սահմանադրագետ Վահե Գրիգորյանն էր ֆեյսբուքյան էջում գրել, որ թշնամի Ադրբեջանում մինչև 50 տարեկան անձանց արգելվեց լքել հանրապետությունը: «Սրա հաջորդ քայլը, իհարկե, լինելու է համընդհանուր կամ մասնակի զորակոչը։ Բարդ չէ գուշակել, թե ում դեմ է նոր պատերազմի պատրաստվում թշնամին` իհարկե, խաղաղություն մուրացողների»,- գրել է Գրիգորյանը, իսկ քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն էլ կոչ արեց ընդդիմադիր պատգամավորներին շուտ վերադառնալ Ազգային Ժողով, իր գնահատմամբ Նիկոլ Փաշինյանին օր առաջ վռնդելու համար։