00:00:00

Երևանում տեղի է ունեցել STARMUS VI փառատոնի փակման արարողությունը

22:18, 09 սեպտեմբեր 2022 Հասարակություն

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր երեկոյան տեղի է ունեցել գիտության ու արվեստի միջազգային STARMUS VI փառատոնի փակման արարողությունը։ Փառատոնի համահիմնադիր Գարիկ ԻսրաՅելյանն ասել է, որ STARMUS VI-ը սպասվածից լավ է անցել։

Փակման արարողությանը ներկա է եղել նաև հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և հանդես եկել ելույթով։ Նախագահն ասել է, որ սա այն վառ օրինակներից է, որոնք ապացուցում են, որ գիտությունն ու արվեստը սերտորեն կապված են և դրանց համադրությունը ոչ միայն հակասություններ առաջ չի բերում, այլև դառնում է անհրաժեշտություն և ստեղծարարություն:

«Հենց այսպիսին էր STARMUS-ը իր բոլոր դրսևորումներով, որովհետև երբ տաղանդավոր գիտնականներ Լուիս Ֆրիդմանը, Բեթանի Էլմանը, Սքոթ Հաբըրդը, Միշել Մայորը, Լիզա Կալտենեգերը, Դեյվիդ Գրինսփունն ու մյուսները հանդես են գալիս դասախոսություններով՝ նվիրված տիեզերքի անթիվ առեղծվածների բացահայտմանը, նրանք նպատակ ունեն միևնույն ժամանակ ընդլայնել ունկնդրի մտահորիզոնը, ընդլայնել աշխարհայացքը, իսկ վերջնարդյունքում մի փոքր ավելի գիտակից, մի փոքր ավելի լավը, ավելի հումանիստ դարձնել նրան:

Եվ երբ Բրայան Մեյը, Գրեհեմ Գոուլդմանը, Սերժ Թանկյանն ու չքնաղ փոքրիկ տաղանդները Տավուշից հանդես են գալիս իրենց կատարումներով, նրանք նույնպես, կամա թե ակամա, փորձում են ավելի մարդակենտրոն դարձնել տիեզերքը: Ի վերջո, սա է արվեստի ու գիտության ամենավեհ նպատակը՝ ճանաչողություն և զարգացում»,– ասել է նա:

Նախագահը շնորհակալություն է հայտնել փառատոնի հոգաբարձուների խորհրդին և կազմակերպչական ողջ թիմին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը, փառատոնի մասնակիցներին, հյուրերին ու բոլոր ներկաներին:

«Մաղթում եմ բոլորիս, որպեսզի STARMUS գիտության և արվեստի 6-րդ միջազգային փառատոնի բերած ոգևորությունը վերածվի առարկայական աշխատանքի, նորանոր ձեռքբերումների և գիտության ու արվեստի հազվագյուտ նվաճումների»,– ասել է նա:

Փառատոնը եզրափակվել է «Ալեքսեյ Լեոնով. Տիեզերքը ներսում» ֆիլմի պրեմիերիայով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր