Ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ Դվին գյուղի բնակիչներից մեկն իր տանը և բակում պահում է ապօրինի զենք-զինամթերք ու թմրամիջոց։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրավապահները զննել են Դվին գյուղի տներից մեկը՝ հայտնաբերելով մարիխուանայի նմանվող մոտ 11 գրամ զանգված, ինքնաձիգի փամփուշտներ, առանց համապատասխան թույլտվության հրացան և այլն։
Նշվում է, որ հայտնաբերվածն առգրավվել է, նշանակվել են փորձաքննություններ, իսկ
հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: