Երեւանում, օգոստոսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 22։30-ի սահմաններում պարեկները ծառայության ժամանակ նկատել են, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ մի խումբ քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունենում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, երբ պարեկները մոտեցել են, կռվի մասնակիցները տարբեր ուղղություններով փախուստի են դիմել:
Պարեկներին հաջողվել է հետապնդել, մի քանիսին վնասազերծել եւ բերման ենթարկել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։
Պարզվել է, որ կռվի մասնակիցներից 2 հոգի Nissan March մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի։ Իրավապահները տեղեկանում են, թե որ ուղղությամբ են նրանք հեռացել, որից հետո հետապնդել եւ Դրոյի և Պարույր Սևակի փողոցների խաչմերուկից դեպի Պարույր Սևակ հատվածում կանգնեցրել են Nissan March-ն ու 2 հոգու բերման ենթարկել:
Նրանցից մեկի հագուստի վրա առկա են եղել արնանման հետքեր։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել։
Կայքի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներն են՝ Երևանի բնակիչ 35-ամյա Գրիգոր Դ․-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Պապին Վ․-ն, Երևանի բնակիչ 27-ամյա Վահե Մ․-ն։
Քանեքեռ-Զեյթունի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ կռվի մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Ականատեսները նշել են, որ կռվի մասնակիցները մոտ 10 հոգի են եղել: