Օրեր առաջ բազմաթիվ լրատվականներ աղմկահարույց՝ «Պետբյուջեից 4.2 մլրդ դրամ կհատկացվի «Շանգրի Լա» խաղատան պետական տուրքը վճարելու համար» վերնագրով նյութեր տարածեցին: Հանրության մոտ ձևավորված տպավորությունն այն էր, որ Կառավարությունը նվեր է անում Գագիկ Ծառուկյանին: Այսօր էլ իր ասուլիսում ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն է փորձել նման տպավորություն ստեղծել, ասելով որ վարչապետը Ծառուկյանին 4,2 միլիարդ պետական բյուջեից փող է տալիս: Իհարկե հասկանալի է, որ ցանկացած տեղեկատվության հետ կարելի է մանիպուլյացիա անել ու սխալ տպավորություն ձևավորել, բայց առողջ բանականությունն ու իրավական թեկուզ նվազագույն գիտելիքները հուշում են, որ Կառավարությունը կամ Ֆինանսների նախարարությունը, ոչ թե լավություն են արել Ծառուկյանին, այլ դատարանով իրենց պարտադրված որոշումն են կատարել, քանի որ Ֆինանսների նախարարությունը դատարանում պարտվել է «Օնիրա քլաբ»-ին, որը շահագործում էր «Շանգրի լա» խաղատունը:
Իսկ նախապատմությունը հետևյալն է. Կորոնավիրուսի համաճարակի բռնկումից հետո խաղատան նկատմամբ սահմանափակումներ կիրառվեցին, հետագայում ֆինանսների նախարարությունն անվավեր ճանաչեց խաղատան լիցենզիան։ «Օնիրա քլաբ»-ն անցնելով ներպետական բոլոր ատյանները՝ դատարանում հասել է ֆինանսների նախարարի հրամանի անվավեր ճանաչելուն, և արդյունքում պետական տուրքը վճարվում է հենց լիցենզիան անվավեր ճանաչած ֆինանսների նախարարության կողմից՝ տուրքը չվճարելու հիմքով։ Ընկերությունն իր հերթին պատճառաբանում էր, որ տուրքը չի կարող վճարել, քանի որ կորոնավիրուսի ընթացքում պարետի համապատասխան որոշմամբ իր գործունեությունը դադարեցվել է։ 2021-ի փետրվարին վարչական դատարանը բավարարել էր ընկերության հայցն ու անվավեր ճանաչել խաղատանը լիցենզիայից զրկելու ֆինանսների նախարարի որոշումը, հետո ֆինանսների նախարարությունը բողոքարկել է դատարանի այս որոշումը, սակայն հաջողության չէր հասել։ Վճռաբեկ դատարանում նախարարությունը դարձյալ պարտվել էր, ու վարչական դատարանի որոշումը մտել էր ուժի մեջ։ Սա է պատմությունը, իսկ մնացած մեկնաբանություններն ընդամենը պրիմիտիվ տեղեկատվական մանիպուլյացիաներ են, ոչ ավելին:
Irakanum.am