00:00:00

Շուրջ 2000 մարզիկ կօգտվի անվճար բժշկական ծառայություններից

19:39, 23 հուլիս 2022 Սպորտ

Հուլիսի 24-ից օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամները` շուրջ 2000 մարզիկ, կօգտվեն անվճար բժշկական ծառայություններից։ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ անվճար բժշկական սպասարկումը կներառի նաև նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններ, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ։

Կառավարության որոշման մեջ փոփոխությունը կատարվել է Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ առանց բարձրորակ բժշկական օգնության` ժամանակակից սպորտում արդյունքներ ակնկալելն ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է. «Պետք է լավ բուժօգնություն լինի թե՛ վնասվածքների բուժման, թե՛ ընդհանուր ֆիզիկական պատրաստության և թե՛ հետազոտությունների համար, որպեսզի մարզիկները լինեն մրցունակ և լավ մարզավիճակում»:

Այս ամիսների ընթացքում ԿԳՄՍ նախարարության մասնագետներն ամենօրյա կապի մեջ են եղել Առողջապահության նախարարության հետ, մասնակցել են խորհրդակցություններին՝ հասկանալու, թե ինչ կարգի բուժօգնություն է պետք տրամադրել, որտեղ է պետք դա անել և մարզիկներն ի վերջո ինչ անվճար օգնություն կարող են ստանալ:

Հիվանդանոցային ծառայությունները կազմակերպվելու են այն բոլոր բժշկական կազմակերպություններում, որտեղ առողջապահության նախարարարութունը տեղադրել է պետական պատվեր:

Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանի խոսքով. «Եթե նախկինում մենք ապահովում էինք մարզիկների ամբուլատոր բուժօգնությունը, որը կազմակերպվում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասում գործող սպորտային բժշկության բաժանմունքում, այս փոփոխության արդյունքում` մեր օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների բոլոր անդամները հնարավորություն կունենան օգտվելու հիվանդանոցային բուժօգնությունից, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններից, նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից և նախատեսված ծառայությունների փաթեթի շրջանակներում ստոմատոլոգիական ծառայություններից»:

 

Մարզիկների համար գործում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում բացված Սպորտային բժշկության բաժանմունքը, որն ամբողջությամբ կահավորված է և հագեցած անհրաժեշտ բժշկական սարքերով:

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր