Փաստաբան Վարդուհի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անձին պետական դավաճանության համար մեղադրանք են առաջադրել, քանի որ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ է փոխանցել ադրբեջանցի և թուրք անձանց։ «Պետական գաղտնիք» հանդիսացող տեղեկությունները եղել են պատերազմի ընթացքում ՀՀ վարչապետի ՖԲ ստատուսները)։ Հասկանալով, որ վիճակը լուրջ է՝ մեղադրանքը փոփոխվել է, սակայն այդ մասին ՀՀ քաղաքացիներից շատ քչերը գիտեն։
ԱԱԾ-ն պետական դավաճանության կասկածանքով ձերբակալել է առնվազն հարյուրավոր մարդկանց ու կալանավորել։ Բազմաթիվ անձանց վերաբերյալ պատրաստվել են ռեպորտաժներ՝ ընդհուպ տանից բերման ենթարկելուց սկսած, և ցուցադրել հասարակությանը (իհարկե, անձնական տվյալները չհրապարակելով)։ Սակայն այդ նույն ԱԱԾ-ն այդ նույն մարդկանց վերաբերյալ հանցակազմի բացակայությամբ վարույթներ կարճելիս նման ռեպորտաժներ չի պատրաստում, մինչդեռ դեպքեր են եղել, երբ դպրոցում մեղադրյալի մանկահասակ երեխայի հետ դադարել են շփվել մնացած երեխաները, քանի որ նրա հորն առաջադրված մեղադրանքի մասին իմացել են նույնիսկ դպրոցականները»։