«Յուվենտուսի» նախկին հարձակվող Պաուլո Դիբալան ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Ռոմա»։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «գայլերը» գործարքի հարցում վերջնական համաձայնության են հասել արգենտինացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` 28-ամյա ֆուտբոլիստը հռոմեական ակումբի հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թ. հունիսի 30-ը։
Սպասվում է, որ Դիբալայի տարեկան աշխատավարձը լինելու է մոտ 6 մլն եվրո, որը ներառելու է նաև մի շարք հավելավճարներ։
«Ռոման» այժմ պատրաստում է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը` գործարքն ավարտին հասցնելու համար։
Նշվում է, որ Դիբալայի` «Ռոմա» տեղափոխության հարցում լուրջ նշանակություն է ունեցել «գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի գործոնը, ով մի քանի անգամ կապվել է արգենտինացի ֆուտբոլիստի հետ և առանձնազրույց ունեցել նրա հետ` ներկայացնելով «ջալոռոսիների» մարզական ծրագիրը։
Հիշեցնենք, որ Պաուլո Դիբալայի վերջին ակումբը «Յուվենտուսն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2015 թվականի հուլիսից` անցկացրած 293 խաղում դառնալով 115 գոլի և 48 գոլային փոխանցման հեղինակ։