00:00:00

Ինչպե՞ս սկսել առավոտյան հեշտ արթնանալ

21:58, 18 հուլիս 2022 Առողջություն

Վաղ արթնանալն ուրախություն է, հավանաբար միայն «արտույտների» համար։ Քիչ հավանական է, որ դուք կարողանաք փոխել ձեր խրոնոձեւը, բայց միանգամայն հնարավոր է ձեզ համար հեշտացնել վաղ արթնանալը, «Прайм» գործակալությանն ասել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի հիվանդանոցային թերապիայի ամբիոնի դոցենտ Տատյանա Գրիգորեւան։

Ինքներդ ձեզ համար մոտիվացիա գտեք՝ «լուսաբացին արթնանալու ենթագիտակցական դիմադրությունը վերացնելու համար», խորհուրդ է տալիս մասնագետը։

«Ավելի արագ եւ խորը քնելու համար քնելուց առաջ անհրաժեշտ է սենյակը օդափոխել առնվազն 15 րոպե, քանի որ մաքուր օդը նպաստում է օգտակար եւ որակյալ հանգստին։ Դրա շնորհիվ գիշերվա քունն ավելի հանգիստ է լինում, իսկ առավոտյան շուտ արթնանալը՝ շատ ավելի հեշտ»,- կարծում է բժիշկը։

Ծանր ուշ ընթրիքից հրաժարվելու եւ օրվա ընթացքում ֆիզիկապես ակտիվ լինելու դեպքում, ըստ մասնագետի, քնելու հետ կապված խնդիրներ չպետք է ծագեն։

«Զարթուցիչ դրեք այն ճշգրիտ ժամանակի համար, երբ դուք պետք է արթնանաք եւ լրացուցիչ 10 րոպե պառկելու համար ժամանակ մի թողեք: Մի հետաձգեք արթնանալը։ Սովորեք անմիջապես վեր կենալ, դա կօգնի ձեզ ավելի հավաքված լինել եւ ավելի քիչ ուշանալ, ինչպես նաեւ ձեր օրն ավելի ակտիվ եւ արդյունավետ դարձնել»,- խորհուրդ է տվել փորձագետը:

Օգտակար է նաեւ վարագույրները բացել արթնանալուց անմիջապես հետո՝ ներս թողնելով արեւը։ Երեկոյան պատրաստված մեկ բաժակ ջուրը արթնանալուց հետո կօգնի ձեր օրգանիզմին սկսել աշխատել։

«Եվ, իհարկե, կարեւոր է հիշել, որ առողջ եւ լիարժեք քունը ձեր առույգ օրվա հիմքն է»,- ամփոփել է Տատյանա Գրիգորեւան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր