00:00:00

200 հազար դրամ տուգանք, հերթեր․ ինչ է սպասվում գազաբալանը չլիցենզավորող մեքենայի վարորդներին (տեսանյութ)

10:33, 18 հուլիս 2022

Հայաստանում օգոստոսի 1-ից չեն լիցքավորվի տրանսպորտային միջոցների այն գազաբալոնները, որոնք տեղադրված կամ վկայագրված չեն լինի լիցենզավորված կազմակերպության կողմից։ Երևանում և մարզերում գործում է գազաբալոնների վկայագրման 23 լիցենզավորված ընկերություն։ Հայաստանում գազով շահագործվող շուրջ 450 հազար մեքենա կա, մեկ կայան օրական հնարավոր է սպասարակի մինչև 100-120 ավտոմեքենա, եթե իհարկե աշխատեն ծանրաբեռնված ռեժիմով։ Irakanum.am-ը փորձեց  մի քանի կազմակերպությունից պարզել, թե երբ է առաջիկա ազատ օրը, մեքենայի գազաբալոնի ստուգում իրականացնելու համար։ Նախ նկատենք, որ որոշ ընկերություններից առհասարակ հեռախոսազանգերին չեն պատասխանում, մեկից փոխանցեցին կարող են գրանցել միայն հոկտեմբերին, երկրորդից էլ՝ դեկտեմբերին։

Այցելեցինք նաև գազաբալոնների ստուգման կայան։ Տնօրենը փաստեց աշխատում են խիստ ծանրաբեռնված։ Գործընթացը մի քանի փուլ է ենթադրում, մոտ մեկ ժամ է տևում: Ստուգվում է ոչ միայն գազաբալոնի արտաքին ու ներքին վիճակը, այլ գազի սարքավորումներն ամբողջությամբ: Որոշ գազաբալոններ ստուգում պետք է անցնեն 2, որոշները՝ 3 տարին մեկ անգամ:

Եթե  մեքենայում տեղադրված գազաբալոնը չի համապատասխանել լիցենզավորման չափորոշիչներին, դրանք չեն լիցենզավորվում, շահագործումից դուրս են գալիս։ Առկա հերթերը Էդգար Ղամբարյանը բացատրում է այսպես․ հայավարի մոտեցում է ցուցաբերվել, վարորդները գործընթացի իրականացումը թողել են վերջին օրերին։

Տարածքային կառավարաման և ենթակառուցվածքների նախարարությունից նույնպես այդ բացատրությունն են տալիս, բայց ժամկետի փոփոխություն չի լինելու։ Նախարարության խոսնակ Սոնա Հարությունյանը Irakanum.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, մեկ անգամ արդեն երկարաձգել են, էլ չեն անելու։ Իսկ ինչ են անելու այն մարզերի վարորդները, որտեղ ստուգման կայաններ չկան։ Խոսքը՝ Սյունիքի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի մասին է։

Չլիցենցավորված գազաբալոնների լիցքավորում չի իրականացվի։ Իրականացնողների նկատմամբ նախարարությունը նաև տուգանք է սահմանել։ Նման խախտում հայտնաբերելու դեպքում գազալցակայանը կտուգանվի 200 հազար դրամով, երկրորդ դեպքում՝ տուգանքը կկրկնապատկվի։ Վարորդները չեն տուգանվի։  Գործընթացի վերահսկողությունն էլ իրականացնելու է տեսչական մարմինը։

Ի դեպ, որպեսզի վերահսկողությունը խիստ լինի, գործելու է  էլեկտրոնային շտեմարան, որի  առկայությունը օգնելու է նաև նրանով, որ պարեկային ոստիկանությունը, օնլայն, նույնիսկ առանց ավտոմեքենան կանգնեցնելու կարող է ստուգել՝ այդ մեքենան ունի՞ համապատասխան վկայական, թե՞ ոչ: Գազաբալոնների լիցենզավորման գործընթաց իրականացնելը կառավարությունը բացատրում է անվտանգության գործոնով։ ԱԻ նախարարության տվյալով` 2020 և 2021 թվականներին արձանագրվել է մեքենայի գազաբալոնի պայթյունի համապատասխանաբար 2 և 4, 2022-ի մինչև ապրիլ ամիսը՝ 1 դեպք:

Եղել են և՛ զոհեր, և՛ տուժածներ: Վարորդներից շատերն էլ տեսախցիկից այն կողմ պնդում էին  հակառակը, քաղաքացու գրպանը հերթական անգամ մտնելու հարմար եղանակ են մշակել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր