Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամտի տարեկան հայտարարագիրը։ Որպես համատեղ գույք գործող քաղաքապետը ներկայացրել է համատեղ սեփականության իրավունքով մեկ բնակարան Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, շարժական և թանկարժեք գույք Հրաչյա Սարգսյանը չի հայտարարագրել։
Որպես տարեկան եկամուտ Սարգսյանը հայտարարագրել է 9 մլն 92 հազար 32 դրամ աշխատավարձ՝ Երևանի քաղաքապետարանից և 1 մլն 685 դրամ ստացված փոխառություն «Արդշինբանկ» ՓԲԸ-ից։ Նախորդ տարվա վերջին Հրաչյա Սարգսյանի կանխիկ միջոցները կազմել են 3 մլն դրամ և 5500 ԱՄՆ դոլար։
Երևանի քաղաքապետի կինը՝ Նինա Հարությունյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է համատեղ սեփականության իրավունքով բնակարան Աջափնյակ վարչական շրջանում։ Ամուսնու նման Նինա Հարությունյանը նույնպես շարժական և թանկարժեք գույք չի հայտարարագրել։ Որպես տարեկան եկամուտ նա ներկայացրել է «ՎՏԲ» բանկից ստացած աշխատավարձը, որը կազմել է 365 հազար 934 դրամ։ Տարեվերջին նրա կանխիկ գումարը կազմել է 1 մլն դրամ և 16 հազար դոլար։
Irakanum.am