Այսօր՝ հուլիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 13:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 31-ամյա Միքայել Ղ.-ն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Հանրապետության և Տպագրիչների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 80-ամյա Ռայա Հ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ապա օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։ Վրաերթի փաստով Գ. Գալստյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: Նա աշխատում է Երևանի թաղապետարաններից մեկում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: