Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ առողջապահության նախարարությանը՝ զինվորական ծառայության ընթացքում, այդ թվում նաև 2020 թ. պատերազմի ընթացքում վնասվածք ստացած կամ հիվանդություն ձեռք բերած նախկին զինծառայողների հատուկ մասնագիտացված վերականգնողական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման նպատակով:
Ըստ այդմ՝ նախատեսվում է 105,120 հազար դրամով ավելացնել «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» միջոցառմանը հատկացված միջոցները: Հիմնավորման համաձայն՝ ներկա պահին շուրջ մեկ տասնյակ նախկին զինծառայողներ տարբեր էտապներով երկարատև բուժօգնությունից հետո շարունակում են մնալ նույն վիճակում, և անհրաժեշտ է նրանց հատուկ մասնագիտացված համալիր բուժական-վերականգնողական ծառայությունների մատուցել: Մեկ անձի համար այս ծառայության տարեկան արժեքը կազմում է շուրջ 11,680.0 հազար դրամ։