Իրանական «Էթեմադ» օրաթերթում և IRAS հետազոտական կենտրոնում հրապարակվել է Կովկասի հարցերով փորձագետ, IRAS-ի անդամ Վալի Քալեջիի հոդվածը՝ «Թավրիզ և Կապան. Թեհրանի և Երևանի հարաբերությունների զարգացման նոր դարպասները» վերնագրով:
Քալեջին նշել է, որ Հայաստանն ու Իրանը շատ խորը և պատմական կապերով են շաղկապված: Նա շեշտել է, որ իր 15 հարևաններից ամենակայուն հարաբերություններն Իրանն ունեցել է ՀՀ հետ, և Հայաստանում գրեթե չկա քաղաքական հոսանք, որը չցանկանա խորացնել Իրանի հետ հարաբերությունները:
Նա ընդգծել է, որ չնայած Հայաստանը փոքր երկիր է, սակայն Կովկասում հավասարակշռության գործոն է և «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի հիմնական երթուղիներից մեկն է: Քալեջին նաև նշել է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, բացի այդ ԵՄ արտոնյալ մաքսատուրքերով առևտրի հնարավորություն ունի: Փորձագետը նշել է, որ բանկային, մաքսային և այլ խնդիրների վերացմամբ՝ հնարավոր կլինի հայ-իրանական առևտուրը հասցնել 1 մլրդ դոլարի:
Քալեջին նշել է, որ չնայած լավ հարաբերություններին՝ հայ-իրանական կապն ապահովվել է դեսպանատների միջոցով: Նրա խոսքով՝ Ահմադինեժադի օրոք թույլատրվել է Թավրիզում ՀՀ հյուպատոսության բացումը, սակայն դա և փոխադարձաբար ՀՀ-ում ԻԻՀ հյուպատոսության բացումն այդպես էլ իրականություն չեն դարձել, և միայն հիմա՝ հարցը նորից օրակարգ է բերվել:
Քալեջին ընդգծել է, որ հյուպատոսությունների բացումը, թեև ժամանակատար է, սակայն կողմերը պետք է արագություն հաղորդեն այդ գործընթացին: Փորձագետի գնահատմամբ՝ հյուպատոսությունների բացումը անհրաժեշտ և կարևոր է մի քանի գործոններով պայմանավորված են, դրանք են.
1. Երկու երկրների քաղաքացիները, այդ թվում՝ ուսանողները, գործարարները , զբոսաշրջիկները իրենց փաստաթղթերի հետ կապված հարցերը կարգավորելու համար դեսպանատներ հասնելու փոխարեն՝ կարող են խնայել ժամանակը և դիմել հյուպատոսություններին: «Կապանում և Թավրիզում հյուպատոսությունների հիմնումը անհրաժեշտ է, և երկու երկրների հարաբերությունների ու ազգային շահերի օգտին է»,- շեշտել է Քալեջին:
2. Թավրիզում հյուպատոսություններ ունեն Թուրքիան և Ադրբեջանը, ՀՀ հյուպատոսության բացմամբ՝ Թավրիզի դերն ու նշանակությունը ավելի կամրապնդվի: Քալեջին հույս է հայտնել, որ հետագայում ՌԴ և Վրաստանի հյուպատոսություններ ևս կբացվեն Թավրիզում:
3. Արևելյան Ատրպատականում Իրանի ԱԳՆ ներկայացուցչական գրասենյակ կա, և Թավրիզում ՀՀ հյուպոստության հիմնմամբ երկկողմ շփումներն ավելի շատ կլինեն ու կնպաստեն հարաբերություններ զարգացմանը, խնդիրների արագ կարգավորմանը:
4. Արևելյան Ատրպատականը Իրանից Հայաստան արտահանումներում մեծ բաժին ունի և ատրպատականցի շատ գործարարներ են համագործակցում ՀՀ հետ, ուստի հյուպատոսության ստեղծումը երկկողմ առևտրային հարաբերությունների զարգացման խթան կհանդիսանա:
5. Արևելյան Ատրպատականում է Նորդուզի անցակետը, ուստի այս տեսանկյունից ևս հյուպատոսության բացումն անհրաժեշտություն է:
6. ՌԴ նկատմամբ պատժամիջոցներով պայմանավորված՝ խորանալու է նաև Իրան-ԵԱՏՄ, հետևաբար՝ Իրան-Հայաստան համագործակցությունը, ուստի տարանցման ոլորտի խնդիրների արագ կարգավորման համար ևս հյուպատոսությունների բացումն անհրաժեշտություն է:
7. Կապանը ռազմավարական նշանակության դիրք ունի և այստեղով է անցնում Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին, ուստի այդ մայրուղով տարանցման գործընթացը կարգավորելու տեսանկյունից այդ քաղաքում հյուպոսության բացումը մեծ նշանակություն ունի:
Եզրափակիչ մասում Քալեջին ընդգծել է, որ Կապանում ու Թավրիզում հյուպոստությունների բացումը կնպաստի Սյունիքի ու Արևելյան Ատրպատականի զարգացմանը, աշխատատեղերի ստեղծման, տարբեր ոլորտներում հայ-իրանական հարաբերությունների առավել ամրապնդմանը: