00:00:00

Դատարանը Երևանի քաղաքապետի նախկին աշխատակցին պարտավորեցրել է ներողություն խնդրել ՀՀ նախկին վարչապետից

12:42, 21 հունիս 2022 Քաղաքականություն

Մոտ երկու տարի առաջ արել էի հետևյալ գրառումը․

 

«Օրումեջ դիրքորոշում փոխող նախկին վարչապետի գրառման մասին. «ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը այսօր գրել էր. «Ծաղրածու Հայկի յուրաքանչյուր օր Երևանի քաղաքապետի պաշտոնում՝ անարգանք է Երևանցու և ՀՀ քաղաքացու նկատմամբ: Վարչապետ Փաշինյան, բավական է: Զվարճանալու և իշխանությունից հաճույք ստանալու ողջ ռեսուրսը արդեն սպառել եք: Կամ լրջացե՛ք, կամ պատմությունը Ձեզ չի ների»:

 

Խոսքը այն մարդու մասին է, որը ստացել է երևանցիների 81 տոկոս վստահությունը: Իմիջիայլոց, երևանցիները քաջատեղյակ էին, թե մինչև քաղաքականություն մտնելը ինչով էր զբաղվում Հայկ Մարությանը:

 

Դերասան կամ ծաղրածու լինելու մեջ որևէ վատ բան չկա: Այլ է, երբ ծառայել ես Քոչարյանին, իսկ հիմա փորձում ես պղտոր ջրում ձուկ որսալ, փոխարենը մի գրառում անելու և զղջալու, որ բաղկացուցիչ մասն ես կազմել համակարգին, որը ժողովրդին բացի արհավիրքներից ուրիշ բան չի մատուցել:

 

«Ծաղրածուն» բացի ժողովրդին ժպիտ պարգևելուց, իսկ հիմա ավիրված և թալանված քաղաքը տեսքի բերելուց, այլ «վնասակար» գործունեությամբ աչքի չի ընկել: Նույնը չեմ կարող պնդել օրումեջ դիրքորոշում փոխող նախկին վարչապետի մասին:

 

Թե ինչ քծնաքի ու «զոհողության» էր պատրաստ Դարբինյանը հանուն պաշտոնի գիտեն շատերը։ Քանի որ հիմա քծնանքով պաշտոն չես ստանա, մնում է անբովանդակ գրառումներ անել»։

 

Ի դեպ, սույն գրառումս հիմնված էր թերթերից մեկի հոդվածի վրա, բայց նախկին վարչապետը, չգիտեմ թե ինչու, վիրավորվել և զրպարտվել էր հենց իմ գրառումից, չնայած որ թերթը շատ ավելի մեծ լսարան ունի և այդ հոդվածը թերթի ֆեյսբուքյան էջում շատ ավելի շատ էր տարածվել։ 

 

Նախկին վարչապետը սույն գրառումը կարդալուց հետո կարծել է, որ արատավորվել է իր անունն ու բարի համբավը և դիմել է դատարան։ Քանի որ դատարաններում դեռ շարունակում են պաշտոնավարել բարեվարքության ստուգում չանցած դատավորները, դատական նիստերին չենք մասնակցել, դատարանի վճիռն էլ չեմ բողոքարկել։ 

 

Դատարանը մասնակի բավարարել է նախկին վարչապետի հայցը։

 

Ի դեպ, դատավոր Գայանե Մազմանյանը մի քանի տարի առաջ ենթարկվել էր կարգապահական պատասխանատվության մի շատ հետաքրքիր արարքի համար։

 

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը այդ ժամանակ գտնել էր, որ «Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գայանե Մազմանյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, այն է` օրենսդրությամբ նախատեսված լիազորություն չունենալով քննելու ՀՀ արդարադատության նախարարի վերոգրյալ միջնորդությունը` քննել եւ բավարարել է այն, որով խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթները, արդյունքում նաեւ` ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը:

 

Ավելին` ՀՀ արդարադատության նախարարի ներկայացրած միջնորդությունը առաջին ատյանի դատարանի կողմից քննվել է այն ժամանակ, երբ նույն հիմքերով ներկայացված է եղել վերաքննիչ բողոք: Այսինքն` դատավոր Գայանե Մազմանյանը, վերստին քննելով, ստանձնել է վերաքննիչ դատարանի դեր` նույն հիմքերի պայմաններում կայացնելով նախորդ որոշմանն արմատապես հակասող նոր դատական ակտ»։ https://bit.ly/39CTQni

 

Ամեն դեպքում, սույն դատավորը իր վճռով պարտավորեցրել է ինձ «www.facebook.com» սոցիալական ցանցի իմ անձնական էջում տեղադրել հերքում և որոշել է տեքստը։ Հուսով եմ, որ նախկին վարչապետի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն այլևս արատավորված չեն։ 

 

Հերքման տեքստը (դատարանի վճռով որոշված)

 

«Սույն գրառմամբ ցանկանում եմ հրապարակայնորեն ներողություն խնդրել ՀՀ նախկին վարչապետ, ներկայիս Հայ-Ռուսական Համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանից՝ իր անունն ու բարի համբավը արատավորող վիրավորական և զրպարտչական արտահայտություններ թույլ տալու համար:

 

Միաժամանակ ցանկանում եմ հայտնել, որ նախկինում իմ կողմից հրապարակված պնդումներն առ այն, որ պարոն Դարբինյանը մաս է կազմել արհավիրքի, զբաղվել է «վնասակար» գործունեությամբ և որ քծնանքի ու «զոհողությունների» միջոցով հասել է այս կամ այն պաշտոնին չի համապատասխանում իրականությանը:

 

Ուստի անհրաժեշտ եմ համարում հերքել իմ կողմից նախկինում հրապարակված երկու գրառումներում տեղ գտած տեղեկությունները և ներողություն եմ խնդրում իմ կողմից արված արտահայտությունների համար՝ գիտակցելով, որ իմ գործողություններով արատավորել եմ պարոն Դարբինյանի անունն ու բարի համբավը»:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր