ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին փոխանցել է ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպման պաշտոնական հրավեր: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը՝ նշելով, որ Արթուր Վանեցյանն ընդունել է հանդիպման առաջարկը՝ այն հնարավորության պայմաններում, որ հանդիպումը կլինի ընդդիմադիր պատգամավորների հետ::
Լին Թրեյսիի և Արթուր Վանեցյանի հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում Արթուր Վանեցյանի կողմից բարձրացվել են Արցախի և Հայաստանի անվտանգությանն սպառնացող վտանգները։
«Այն մտահոգությունները, որոնք պարոն Վանեցյանը մշտապես հնչեցնում է հրապարակային՝ կապված Հայաստանի անվտանգության ապահովման և Արցախի շուրջ, ներկայացրել է նաեւ ԱՄՆ դեսպանին։ Եւս մեկ անգամ նշվել է, որ Արցախի Հանրապետությունում ապրող ժողովուրդը չի կարող ապրել Ադրբեջանի կազմում, հիմնախնդիրը հնարավոր է լուծել բացառապես ազգերի ինքնորոշման սկզբունքի կիրառմամբ, ինչպես ընդունված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ընդունված սկզբունքնեի ներքո», - փոխանցեց Հակոբյանը։
Հարցին՝ ինչպես է արձագանքել Լին Թրեյսին՝ Հակոբյանը պատասխանեց՝ նշելով, որ հանդիպումն անցել է գործընկերային մթնոլորտում: