Ադրբեջանն ասում է, որ ինքն ուզում է կապ հաստատել Նախիջևանի հետ։ Մենք ասել ենք, որ առարկություն չունենք, կարող են օգտագործել մեր տրանսպորտային հնարավորությունները։ Այս մասին Ռուսաստանի հայերի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Մենք ասել ենք, որ առարկություն չունենք, կարող են օգտագործել մեր տրանսպորտային հնարավորությունները։ Ասել ենք՝ եկեք մտածենք այդ ռեժիմը ոնց կարող են այնպես անել, որ իրենք շատ չզգան։ Այսինքն, այն սովորական ռեժիմը, որ մենք հիմա անում ենք՝ մաքսային, սահմանապահ, այդ ռեժիմների մեջ մենք պայմանավորվենք, երկկողմանի գործող ընդունված միջազգային նորմերի շրջանակներում թեթևացնել։
Այդ քննարկումները սկսվել են։ Եռակողմ հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել։ Այնտեղ սկսել են այդ սկզբունքները քննարկել։ Այնտեղ մի հարց կա։ Մենք ասում ենք՝ եկեք սկզբունքները քննարկենք, ադրբեջանցիներն ասում են, որ իրենց տանք կոորդինատներ, թե որտեղով է անցնելու։ Մենք ասում ենք՝ ոչ, քանի որ սկզբունքները քննարկելուց հետո մնացածը շատ ավելի հեշտ է»,-ասել է Խաչատուրյանը։