Factor.am-ի տեղեկություններով իշխանությունները ցանկանում են ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի համար առաջադրել Աննա Վարդապետյանի թեկնածությունը: Վաղը նախատեսված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և Աննա Վարդապետյանի հանդիպումը:
ՔՊ-ից երկու պատգամավոր, անանուն մնալու պայմանով, հաստատեցին Factor.am-ի տեղեկությունները՝ նշելով, որ խմբակցության ղեկավարությունից, հանդիպման մասին տեղեկացնելով, շեշտել են, որ Աննա Վարդապետյանի առաջադրման և նրա հետ հանդիպման մասին տեղեկություններն առայժմ չհրապարակեն:
Factor.am-ը փորձել է մեկնաբանություն ստանալ Աննա Վարդապետյանից և ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանից, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։
Նշենք, որ այս տարվա սեպտեմբերի 16-ին լրանում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը: Նա ընտրվել էր ՀՀԿ իշխանության օրոք: Չնայած Նիկոլ Փաշինյանի սուր քննադատություններին, Դավթյանը Փաշինյանի իշխանության գալուց հետո շարունակեց պաշտոնավորել:
factor.am