Գործող կարգի համաձայն, եթե վարորդն առանց ԱՊՊԱ-ի վարում է ավտոմեքենան, տուգանվում է 100 հազար դրամով։ Բացի դրանից, եթե անձը ԱՊՊԱ պայմանագիր չի ունենում, ամեն 10 օրվա համար նա տուգանվում է 5 հազար դրամով, բայց ոչ ավել, քան՝ տարվա մեջ 100 հազար դրամը։ Այսինքն, իրավասու մարմինը պարտավոր է ամեն 10 օրը մեկ կայացնել վարչական տույժ նշանակելու մասին որոշում՝ 5 հազար դրամի չափով ու ուղարկել հասցեատիրոջը՝ տարվա մեջ ոչ ավել, քան՝ 20 անգամ։
ՔՊ-ական պատագամավոր Արմեն Խաչատրյանը կարծում է, որ այդ 100 հազար դրամը խիստ անհամաչափ է արարքի վտանգավորության բնույթին ու աստիճանին։ Պատգամավորի խոսքերով, մարդիկ ԱՊՊԱ չեն կնքում հենց ֆինանսական պատճառներով։ Նա նաև նշեց, որ առանց տեխզննության տրանսպորտային միջոց վարելը, որը ևս վտանգավոր է, տուգանվում է ընդամենը 20 հազար դրամի չափով։
Այսպիսով, պատգամավորը նախագիծ է ներկայացրել, որի համաձայն, ԱՊՊԱ չարած տրանսպորտային միջոցի սեփականտերերի նկատմամբ պետք է կազմվի առավելագույնը 50 հազար դրամ տուգանք, այսօրվա 100 հազար դրամի փոխարեն։
Երկրորդ մասում, որը վերաբերում է առանց ԱՊՊԱ-ի տրանսպորդ վարելուն, առաջարկվում է փոփոխություն անել ու անձին ազատել 100 հազար դրամ տուգանքի 75 տոկոսի վճարումից, եթե նա 24 ժամվա մեջ վերացնում է իրավախախտման հատկանիշները, այսինքն՝ ԱՊՊԱ պայմանագիր է կնքում։ Այդ դեպքում նա վճարում է 100 հազար դրամի 25 տոկոսը։