Լեռնային Ղարաբաղի հարցը կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման և անվտանգության ազգային հանձնաժողովների գործունեության հետ։ Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նշում եմ, որ ԼՂ հարցը ոչ մի կերպ կապված չէ սահմանազատման հանձնաժողովի հետ, քանի որ, ինչպես ասացի, մենք ունենք շփման տարբեր ձևաչափեր Ադրբեջանի հետ, և դրանցից մեկը վերաբերում է սահմանազատման խնդրին»,- ասել է նա և հավելել, որ անվտանգությունը ևս կարևոր է հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայքով։
Ըստ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական երկխոսության երկրորդ ուղղությունը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն է ուղղված, և որ այդ հարցը մեկ այլ ձևաչափով է քննարկվում։
«Կա նաև երրորդ ուղղությունը՝ մարզային տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։ Բայց, իհարկե, տարածաշրջանում խաղաղության համար ամենակարևորը Լեռնային Ղարաբաղի խնդիրն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողի հարցին՝ «Ռուսաստանն այս գործընթացում ավելի շատ աջակցում է Ադրբեջանի՞ն», ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ «Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է և դաշնակիցը, բայց նաև շատ սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ»։
«Եվ այս դեպքում մենք տեսնում ենք Ռուսաստանի դերը որպես երաշխավորի [2020 թվականի նոյեմբերի 9-ի Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին] եռակողմ հայտարարության իրականացման համար»,- ասել է նա։