00:00:00

Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ

15:48, 13 հունիս 2022 Քաղաքականություն

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահութամբ դատավոր Մարտին Արզումանյանի, այսօր՝ հունիսի 13-ին, Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքի տակ թողնելու որոշում կայացրեց։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ասլանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։

Նա ասաց, որ իրենք վերաքննիչ բողոք կներկայացնեն։

Նշենք՝ Ասլանյանի պաշտպանները պնդում են, որ նրան կալանքի տակ պահելու որեւէ հիմք առկա չէ։

Նրանք դատարանում հայտարարել էին, որ Ասլանյանի դեմ մեղադրական բնույթի ցուցմունք չկա։

Գործով մեղադրող դատախազի այն պնդմանը, թե Ասլանյանն ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է խոչընդոտել գործի քննությանը, պաշտպաններն առարկել էին, նշելով, որ քրեական գործի հարուցման պահին Ասլանյանը գտնվել է ազատության մեջ եւ չի խոչընդոտել քննությանը։

Դատարանում ելույթով հանդես էր եկել նաեւ Մամիկոն Ասլանյանը։ Նա ասել էր, որ իրեն առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ, եւ, որ քրեական արդարադատության հետ որեւէ առնչություն չունի։ Նա հույս էր հայտնել, որ դատարանն արդարացի որոշում կկայացնի եւ իրեն ազատ կարձակի։ Դատարանի բակում էին հավաքվել մեծ թվով քաղաքացիներ ի աջակցություն՝ Մամիկոն Ասլանյանի։

Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մամիկոն Ասլանյանը, 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչեւ 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, ինչպես նաեւ համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից եւ կատարել է պաշտոնական կեղծիք:

Քրեական գործով կալանավորված է միայն Մամիկոն Ասլանյանը, մյուսների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ նրա՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Վանաձորում անցկացվեցին ընտրություններ, մասնակցում էր 9 քաղաքական ուժ, որոնցից հինգն էին անցել Վանաձորու ավագանու կազմ՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինք (15 մանդատ), «Քաղաքացիական պայմանագիրը» (9 մանդատ), «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը (5 մանդատ), «Ապրելու երկիր» (2 մանդատ) եւ «Հայրենիք» (2 մանդատ) կուսակցությունները։

Ստացված ձայներից առավելագույն՝ 38․70 %-ը հավաքել էր Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի առաջնորդած «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը։

2021 թվականի դեկտեմբերի 17–ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու  առաջին նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ կալանավորվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր