00:00:00

«Ծանր վիրավորանքի» հոդվածից հրաժարվելը ոչ թե Կառավարության մեծահոգությունն է, այլ հարկադրված քայլ

12:51, 11 հունիս 2022 Քաղաքականություն

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․ 

«Քրեական նոր օրենսգրքից «Ծանր վիրավորանքի» հոդվածից հրաժարվելը ոչ թե Կառավարության  մեծահոգությունն է, ինչպես ներկայացվում է, այլ հարկադրված քայլ:

Նախ Քրեական նոր օրենսգրքի աշխատանքային խումբն ինքը նախագծում այդ հոդվածը չէր ներառել ու չէր էլ ներառելու: 

Առհասարակ երբ որպես արդարադատության փոխնախարար` նախաձեռնեցի Քրեական այս նոր օրենսգրքի մշակումը, ստեղծեցինք աշխատանքային խումբ, որը համալրվեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասնագետներով։ 

Աշխատանքային խումբն ի սկզբանե ձևավորվեց այնպես, որ դուրս լինի քաղաքական ազդեցությունից և որ բացառվի քաղաքական շահերի համար Քրեական օրենքի փոփոխությունը:

Բայց, ինչպես տեսանք, «Ծանր վիրավորանքի» հոդվածի դեպքում իրավիճակը փոխվեց: 

Այս հոդվածն ընդունվեց միայն քաղաքական որոշմամբ ու ընթացակարգային կոպիտ խախտումներով. այս կերպ Քրեական օրենսգիրքը ծառայեցվեց մեկ` «ՔՊ» կուսակցության քաղաքական շահերին: 

Քանի որ կար քաղաքական որոշում, արհամարհվեցին Մարդու իրավունքների պաշտպանի սկզբունքային առարկություններն առ այն, որ այս հոդվածն առավել մեծ խնդիներ է ստեղծելու. թեև վիրավորանքն ինձ համար բացարձակ դատապարտելի երևույթ է, բայց այն ունի պայքարի այլ մեթոդներ, որոնցից առաջինը պաշտոնյաների ատելության բառապաշարի դեմ պայքարն է: Անտեսվեց, որ այս հոդվածը սկզբունքային առումով է հակասում մեր միջազգային պարտավորություններին:

ԱԺ-ում քաղաքական այս սխալ որոշումն ԱԺ կառավարող խմբակցությունն ու Կառավարությունն արդարացրին հակասահմանադրական քննարկումներով:

Այս ամոթալի, բացարձակ դատապարտելի հոդվածի պատճառով հարյուրավոր մարդիկ ենթարկվեցին հակասահմանադրական քրեական հետապնդումների և իրավունքների անհիմն, խտրական սահմանափակումների` սկսած մարդկանց ազատությունից զրկելուց ու արդար դատաքննությունից մինչև խոսքի ազատություն ու մասնավոր կյանքի պաշպանություն: 

Այս oրենքի պատճառով քաղաքացիներին հայհոյող ու վիրավորող իշխանության պաշտոնյաներն ու նրանց աջակիցները դարձան արտոնյալ:

Այս oրենքը պարզապես կրակը գցեց Ոստիկանությանը, որը դարձել էր և դեռ շարունակում է մնալ հերթական անհեռատես ու դատապարտելի քաղաքական որոշման զոհը: 

Այն ոչ միայն լուրջ խոչընդոտներ առաջացրեց լրագրողների համար, այլ նաև խորացրեց լրագրողների նկատմամբ կարծրատիպերը:

Այս բոլոր խախտումները բացարձակ հիմնավոր տեղ էին գտել Սահմանադրական դատարանի իմ դիմումում:

Հանուն մեկ կուսակցության քաղաքական շահերի` այսքան խնդիրների ու մեր քաղաքացիներին պատճառված զրկանքների համար ուղիղ պատասխանատու  է 3 հիմնական դերակատար`

1. ԱԺ-ում այս հոդվածն ամրագրած օրենքի հիմնական զեկուցողը.

2. Կառավարության պաշտոնական ներկայացուցիչը, որը նաև օրենքի համազեկուցողն էր.

3. Սահմանադրական դատարանում այս հարցով իմ դիմումի գործով զեկուցող դատավորը (որոշումը կայացվել է 2022թ. ապրիլի 29-ին)»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր